ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրում առաջատար «Արարատը» մոտ էր կրկին միավորներ կորցնելուն: Այս անգամ Վարուժան Սուքիասյանի սաները սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ 2:1 հաշվով հաղթեցին Գյումրիի «Շիրակին»: Նախորդ տուրում «Արարատը» 0:3 հաշվով պարտվել էր «Բանանցին»:
Այս խաղում եւս արարատցիները կարող էին զիջել մրցակցին, քանի որ առաջին կեսից հետո պարտվում էին 0:1 հաշվով, սակայն 2-րդ կեսում Էմիլյոյի խփած գնդակ թույլ տվեց հավասարեցնել հաշիվը, իսկ խաղավարտից 3 րոպե առաջ Գեւորգ Նռանյանը խփեց հաղթական գնդակը:
Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նաիրի» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Փյունիկը» եւ «Միկան»: Խաղասկզբում հյուրերը Նարեկ Բելգարյանի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն քիչ անց Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավում չարձանագրվեց,եւ հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով:
Փոխչեմպիոն «Բանանցը», որը սկսել է կայուն խաղ ցուցադրել, հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ: Հաղթական գնդակը 9-րդ րոպեին խփեց Արսեն Բալաբեկյանը:
Կապանում տեղի «Գանձասարը» 3:1 հաշվով առավելության հասավ ետնապահ «Կիլիկիայի» նկատմամբ: Այս հաղթանակը թույլ տվեց Սամվել Պետրոսյանի սաներին հեռանալ նախավերջին 7-րդ հորիզոնականից՝ այն թողնելով «Ուլիսին»: Այս տուրից հետո «Արարատը» 24 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: