Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՎԵԼՈՐԴ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է»

Սպորտ

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության մեկնարկում բավական հաջող էր հանդես գալիս «Վիտեբսկը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արթուր Ոսկանյանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը: Վերջին տուրերում բելառուսական թիմը սկսել է անհաջող հանդես գալ, իսկ հայ ֆուտբոլիստները պատրաստվում են լքել «Վիտեբսկը»:

«Թիմի ներսում խնդիրներ կան, որոնք էլ խանգարում են լավ արդյունք ցույց տալ: Ես իմ գործակալին արդեն հայտնել եմ, որ ցանկանում եմ խզել պայմանագիրս այս ակումբի հետ», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արթուր Ոսկանյանը:

Երեւանի «Փյունիկի» եւ «Արարատի» նախկին ֆուտբոլիստը «Վիտեբսկում» հայտնվեց տարեսկզբին եւ սկզբում գոհ էր նոր ակումբից. «Ամեն ինչ շատ հաջող էր ընթանում: Հաղթելով մի շարք հանդիպումներում` ամրապնդվել էինք առաջին հորիզոնականում: Սակայն վերջին 4 հանդիպումներում թիմը ընդամենը 2 միավոր է վաստակել՝ նահանջելով 3-րդ հորիզոնական»:

Ոսկանյանի կարծիքով «Վիտեբսկի» ֆուտբոլիստների անհաջողության հիմնական պատճառը մարզչի եւ ֆուտբոլիստների ավելորդ ինքնավստահությունն է. «Միգուցե հաջող մեկնարկից հետո ինքնվստահ են դարձել թիմի անդամները: Երբ Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկանք Մոլդովայի եւ Հունաստանի դեմ, ապա վերադարձանք Բելառուս, շատ բան էր փոխվել «Վիտեբսկում»: Ամեն խաղում թիմը նոր մարտավարությամբ է հանդես գալիս, խաղացողների տարբեր դասավորությամբ: Չեմ կարծում թե ֆիզիկապես վատ վիճակում է թիմը: Այս առումով խնդիրներ չունենք: Մարզիչն էլ չի կարողանում վերահսկել վիճակը եւ վերադարձնել թիմին նախկին տեսքին: Դեռ ավելին, նրա գործողությունները ավելի են սրում մթնոլորտը»:

Ոսկանյանը հույս ունի առաջիկայում հայտնվել նոր ակումբում. «Թե ես, թե Ալեքսանդր Թադեւոսյանը մտադիր ենք հեռանալ: Հավանաբար առաջիկա 1 ամսվա ընթացքում այդ հարցը կկարգավորվի»: