ՈՒԺԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնությունում վաղը կկայանան 11-րդ տուրի հանդիպումները:
«Փյունիկ» - «Միկա»
Սա տուրի կենտրոնական հանդիպումն է, որտեղ չեմպիոնը կընդունի նախորդ տարվա բրոնզե մեդալակիրին: «Միկայի» համար սա կլինի ուժերի վերջին փորձարկումը շաբաթ օրը Ինտերտոտոյի գավաթի խաղարկության շրջանակներում «Տիրասպոլի» հետ կայանալիք հանդիպումից առաջ: Վերջին տուրերում «Փյունիկը» բավական հաջող է հանդես գալիսմ, «չոր» հաշվով հաղթանակներ տոնում: Այս խաղում հաղթելու դեպքում Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կհավասարվեն 2-րդ տեղում ընթացող «Միկային», որը ի տարբերություն «Փյունիկի»` մեկ հանդիպում ավել է անցկացրել:
«Արարատ» - «Շիրակ»
Նախորդ տուրում «Արարատը» կրեց իր առաջին պարտությունը` հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվելով «Բանանցին»: Այդ անհաջողությունից հետո տարբեր մեկնաբանություններ հնչեցին: Նշվեց, որ «Արարատում» ներքին խնդիրներ կան, քանի որ անտրամաբանական էր, որ առաջնության ամենակայուն թիմը, որը մինչ այդ միավոր չէր կորցրել, վերցրեց եւ խոշոր հաշվով պարտվեց սկզբունքային մրցավեճում:
«Արարատի» անհաջող խաղը պայմանավորված էր հատկապես Պիզելի Մարկոսի անվստահ խաղով: Թիմի առաջատարը այդ խաղում գլուխ պահեց : Ըստ ակումբին մոտ կանգնած աղբյուրի` Մարկոսը ցանկանում է ավելի բարձր աշխատավարձ ստանալ եւ ակումբի ղեկավարությանը վերջնագիր է ներկայացրել: Ամեն դեպքում «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը չի հանդուրժի թիմում անառողջ մթնոլորտ, եւ այս ընթացքում պետք է որ ամեն ինչ կարգավորվեր: Թե որքանով է դա հաջողվել Սուքիասյանին, ցույց կտա առաջիկա հանդիպումը: Իր հերթին «Շիրակը» վերջին տուրերում անհաջող է հանդես գալիս եւ այս խաղում պարտվելու դեպքում զգալիորեն կհեռանա լավագույն քառյակից:
«Ուլիս» - «Բանանց»
«Բանանցը» վերջապես սկսել է արդյունավետ խաղ ցուցադրել: Ինչպես նշեցինք, նախորդ տուրում թիմը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը: Աստիճանաբար մարզավիճակ է ձեռք բերում Արամ Հակոբյանը` «Բանանցի» երբեմնի առաջատարը, որը վերջերս է վերադարձել Ռուսաստանից: Վնասվածքից ապաքինվել է երիտասարդ կիսապաշտպան Արամ Բարեղամյանը, լավ մարզավիճակում է մեկ այլ երիտասարդ հարձակվող Արսեն Բալաբեկյանը: Թիմի բուլղարացի լեգեոներները եւս իրենց բարձրության վրա են: Առաջնության սկզբնամասում ունեցած միավորներ կորուստից թիմը այժմ 4-րդ հորիզոնականում է եւ միանգամից 6 միավորով զիջում է 3-րդ տեղում ընթացող «Փյունիկին»:
«Գանձասար» - «Կիլիկիա»
Կապանցիները սեփական հարկի տակ «Կիլիկիայի» հետ հանդիպումներում դեռ միավորներ չեն կորցրել: Նախավերջին 7-րդ տեղում ընթացող «Գանձասարին» այս խաղում հաղթանակը անհրաժեշտ է ինչպես երբեք: Հաղթանակը թիմին թույլ կտա հեռանալ նախավերջին տեղից, քանի որ 5-րդ եւ 6-րդ տեղերում գտնվող «Ուլիսին» եւ «Շիրակին» անհամեմատ բարդ հանդիպումներ են սպասվում եւ գործնականում անհնար է, որ այս թիմերից մեկը միավոր չկորցնի: