Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՒԼՂԱՐԱՑԻՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ «ԲԱՆԱՆՑՈՒՄ»

Սպորտ

Երեւանի «Բանանցը» շարունակում է իր կազմում ընդգրկել բուլղարացի լեգեոներների: Ակումբը պայմանագիր է կնքել բուլղարացի դարպասապահ Յորդան Լինկովի հետ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին «Բանանցի» մամուլի քարտուղարությունում:

30-ամյա դարպասապահը 2007-08թթ. մրցաշրջանում է հանդես է եկել Բուլղարիայի առաջին դիվիզիոնի «Նաֆտեքս» թիմում, որը ներկայացնում է Բուրգաս քաղաքը: Լինկովը հայտնի է «Վիհրեյն» ակումբի կազմում ունեցած ելույթներով, որտեղ հանդես է եկել ավելի վաղը:

«Բանանցը» առաջիկա օրերին պատրաստվում է պայմանագիր կնքել նաեւ բուլղարացի 23-ամյա հարձակվող Տոդոր Սիմովի հետ: 1մ 87սմ հասակով այս ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել Բուլղարիայի երիտասարդական հավաքականում: Ակումբային մարկարդակով Սիմովը հայտնի է «Լեւսկի», «Չեռնո Մորե», «Վիդիմա», «Բարոե» բուլղարական հայտնի թիմերում ունեցած ելույթներով: Մինչ այս «Բանանցում» հանդես էին գալիս նաեւ բուլղարացիներ Սիմեոն Զլատեւ, Մարկո Գանչեւը եւ Պլամեն Կրումովը, որոնք թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներ են:

«Բանանցում» է նաեւ մոլդովացի դարպասապահ Եվգենի Մատյուգինը, ուկրաինացի պաշտպաններ Անդրեյ Բուրդիյանը եւ Անդրեյ Չերեւկոն, ինչպես նաեւ ուգանդացի Նոա Կասուլեն, որը իր երկրի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է: Այսպիսով «Բանանցում» լեգեոներների քանակը հասավ 9-ի, որը այս թիմի համար ռեկորդային ցուցանիշ է: Հիշեցնենք, որ «Բանանց» է վերադարձել նաեւ փորձառու Արամ Հակոբյանը, որը թիմի հեռացել էր նախորդ մրցաշրջանի ավարտից հետո: