ՆՈՐԵԿՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ
Աջակցիր «Ա1+»-ին«ԵՎՐՈ-2008»-ի մեկնարկին մնացել է 2 օր:
B խումբ
Գերմանիա, Խորվաթիա, Լեհաստան, Ավստրիա
Բուքմեյքերները «Եվրո-2008»-ի ֆավորիտ են համարում Գերմանիայի հավաքականին, որը այս խմբում մրցելու է ընտրական փուլում հիանալի ելույթներ ունեցած երկու հավաքականների` Լեհաստանի եւ Խորվաթիայի, ինչպես նաեւ տանտերերից մեկի` Ավստրիայի հավաքականի հետ:
2006թ. աշխարհի առաջնությունում գրավելով երրորդ հորիզոնականը` Գերմանիայի հավաքականը լի է վճռականությամբ ապացուցելու, որ կարող է լավ արդյունքի հասնել նաեւ տան պատերից դուրս: Առաջնության ավարտից հետո Յուրգեն Կլինսմանը իր պաշտոնը զիջեց Յոահիմ Լեւին, ով առանձնապես լուրջ փոփոխություններ չի կատարել հիմնական կազմում: Քրիստոֆ Մետցելդերը, Պեր Մետրեսակերը եւ Ֆիլիպ Լամը ամենայն հավանականությամբ կրկին հիմնական կազմում կլինեն: Սպասվում է, որ Լամը պաշտպանության աջ եզրում կփոխարինի Ֆրիդրիխին, իսկ Մարսել Յանսենը հանդես կգա թափուր մնացած ձախ եզրում:
Լեւը նախընտրում է հանդես գալ 4-4-2 տակտիկական դասավորվածությամբ, սակայն Բերնդ Շտայների վնասվածքը ստիպում է նրան վերանայել այս մտահաղացումը: Կիսապաշտպանությունում իրոք Լեւը մտորելու շատ բան ունի: Հենակետային կիսապաշտպանի դերին հավակնում է փորձառու Ֆրինգսը, որին պետք է օգնի Միքայել Բալակը:
Հարձակման գծում երաշխավորված է Միրոսլավ Քլոզեի տեղը, ով նման մրցաշարերում արդյունավետ խաղ ցուցադրելու մեծ փորձ ունի: Երկրորդ հարձակվողի դերում հայտնվելու համար պայքարում են Քեւին Կուրանին, Գերմանիայի 2007թ. լավագույն ֆուտբոլիստ Մարիո Գոմեսը եւ Լուկաս Պոդոլսկին:
Ավելորդ չէ նշել, որ Եվրոպայի առաջնության ամենատիտղոսակիր հավաքականը «Եվրո-96»-ի հաջողությունից հետո չի կարողացել եզրափակիչ փուլերում հաղթանակով ավարտել որեւէ հանդիպում:
Այս խմբում երկրորդ տեղին հավականում են Խորվաթիայի եւ Լեհաստանի հավաքականները, որոնք ինչպես արդեն նշեցի բավական հաջող հանդես եկան ընտրական փուլում: Լեհերը մեզ քաջ հայտնի են, քանի որ Հայաստանի հավաքականի հետ միասին ընդգրկված էին Ա խմբում: Հարուստ պատմություն ունեցող այս հավաքականը մի քանի օրից իր նորամուտը կնշի Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում: Այս հավաքականում աստղեր չկան: Փոխարենը կա Լեո Բենհակեր, որը նախորդ տարի Լեհաստանում ճանաչվեց «տարվա մարդ»: Հոլանդացի այս մասնագետը, 2006թ. գլխավորելով Լեհաստանի հավաքականը, արագորեն կարողացավ ոտքի կանգնեցնել այն: Լեհերը ընտրական 14 հանդիպումներից ութում առավելության հասան մրցակիցների նկատմամբ, չորս հանդիպում ավարտեցին ոչ-ոքի եւ կրեցին երկու պարտություն: Այս տպավորիչ արդյունքին Բենհակերը հասավ` կիրառելով 4-4-2, 4-5-1 եւ 4-3-3 տակտիկական դասավորությունները: Հավանական է, որ լեհերը խմբային մրցաշարի երեք խաղերում էլ տարբեր դասավորվածությամբ հանդես կգան եւ այս թիմի հիմնական կազմը գրեթե միշտ անկանխատեսելի է:
1998թ. աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալների արժանանալով` Խորվաթիայի հավաքականը որոշ ժամանակ հայտնվեց ստվերում, սակայն Սլավեն Բիլիչին հաջողվեց կրկին շունչ հաղորդել այս թիմին, որը ընտրական փուլում կանգնեց Անգլիայի ճանապարհին: Այստեղ եւս մեծ էր մարզչի ավանդը, որը թիմում ընդգրկեց մի շարք նորեկների, որոնք լիովին արդարացրեցին իրենց: Բրազիլացի Էդուարդոն, որը ընտրական փուլում լավագույնն էր խորվաթների կազմում, դեռեւս մի քանի ամիս առաջ ստացավ վնասվածքի պատճառով հանդես չի գա Եվրոպայի առաջնությունում: Հանձինս Իվիցա Օլիչի, Իվան Կլասնիչի եւ Իգոր Բուդանի, Բիլիչը արժանի փոխարինողներ ունի:
Այս խմբի ետնապահի դերին հավակնում է Ավստրիան: Ավստրացիների միակ առավելությունը տան պատերն են, իսկ թիմի կազմը ակնհայտորեն զիջում է մյուս երեք հավաքականներին: Ինչպես եւ լեհերը, Ավստրիան իր նորամուտը կնշի Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում: Մինչ այս ավստրիացիներին չէր հաջողվել հաղթահարել ընտրական փուլի արգելքը:
Մինչ այս
B խմբի մասնակիցները միմյանց հետ Եվրոպայի առաջնության պատմությունների ընթացքում հաշված հանդիպումներ են անցկացրել: Գերմանացիները 1 անգամ հանդիպել են Ավստրիային, 2-ական հանդիպում անցկացրել Խորվաթիայի եւ Լեհաստանի հավաքականների հետ: Բոլոր դեպքերում էլ առավելությունը Գերմանիայի կողմն է:
Խաղացանկ
8-ը հունիսի
21:00 Ավստրիա - Խորվաթիա, Վիեննա
23:45 Գերմանիա - Լեհաստան, Կլագենֆուրտ
12-ը հունիսի
21:00 Գերմանիա - Խորվաթիա, Կլագենֆուրտ
23:45 Ավստրիա - Լեհաստան, Վիեննա
16-ը հունիսի
23:45 Լեհաստան - Խորվաթիա, Կլագենֆուրտ
23:45 Ավստրիա - Գերմանիա, Վիեննա