Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ԵՎ ՆՐԱ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

Սպորտ

Այսօրվանից «Ա1+»-ը պարբերաբար կանդրադառնա հունիսի 7-ին Ավստրիայում եւ Շվեյցարիայում մեկնարկելիք «Եվրո-2008»-ին: ԹեեւՀայաստանի հավաքականը չի մասնակցում այս մրցաշարին, սակայն մեր հանրապետությունում եւս Եվրոպայի առաջնության նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է: Այն իր մասսայականությամբ զիջում է թերեւս միայն Աշխարհի առաջնությանը:

Ա խումբ

Պորտուգալիա, Շվեյցարիա, Չեխիա, Թուրքիա

Խմբի ֆավորիտ է համարվում Պորտուգալիան` Եվրոպայի նախորդ առաջնության փոխչեմպիոնը: Շատ քիչ թիմեր կարող են խաղադաշտ դուրս գալ երկու եզրային հարձակվողներով: Դրանցից մեկը Պորտուգալիան է, որի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի տրամադրության տակ են Ռոնալդուի, Նանիի, Քուարեսմայի եւ Սիամուի պես արագաշարժ գրոհայիններ: Սպասելիքները հատկապես մեծ են Կրիշտիանու Ռոնալդուից:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացնելով փայլուն մրցաշրջան, տիրանալով Չեմպիոնների լիգայի գավաթին` Ռոնալդուն այս առաջնությունում պետք է ամրագրի այն կարծիքը, որ լավագույնն է աշխարհում: Եթե Պորտուգալիային հաջողվի առաջին անգամ լավագույնը ճանաչվել «Հին աշխարհամասում», ապա Ռոնալդուին արդեն այժմ կարելի է շնորհավորել 2008թ. աշխարհի եւ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն ճանաչվելու կապակցությամբ:

Ընդհանրապես այս Եվրոպայի առաջնությունում ֆուտբոլասերների ուշադրությունը սեւեռված է լինելու հատկապես այս ֆուտբոլիստի խաղի վրա: Պատահական չէ, որ այս օրերին Ավստրիայում գտնվող Պորտուգալիայի հավաքականի մասնակցությամբ մարզումներին ներկա են լինում 10-12 հազար ֆուտբոլասերներ, որոնք նաեւ մոտ 14.5 եվրո են վճարում այդ իրավունքը ստանալու համար: Պորտուգալիայի հավաքականի մյուս աստղը գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին է: Մարզիչ, որը տարիներ առաջ կարողացավ Բրազիլային դուրս հանել ֆուտբոլային ճգնաժամից եւ հաղթել 2002թ. աշխարհի առաջնությունում: Բրազիլացին մոտ էր հաջողությանը նաեւ «Եվրո-2004»-ում, սակայն Պորտուգալիան եզրափակիչում չեմպիոնի կոչումը զիջեց հույներին:

«Ես վստահում եմ բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնց հրավիրել եմ մասնակցելու առաջնությանը, - ասել է Սկոլարին, - Մենք շատ ուժեղ հավաքական ունենք: Եթե ես հայտարարեմ թե չեմ հավատում նրան, ապա միգուցե ինձ տեղում սպանեն: Ուզեմ եմ, որ իմ ֆուտբոլիստները չթերագնահատեն մրցակիցներին եւ արժանիորեն հանդես գան այս ստուգատեսում»:

Այս խմբում երկրորդ տեղի հավասարապես հավակնում են մյուս երեք թիմերը, որոնք գրեթե հավասարազոր մրցակցիներ են: Իհարկե, չեխերը իրենց կազմով առանձնանում են: Ընտրական փուլում Չեխիայի տպավորիչ ելույթները ստիպում են այս հավաքականին առավել քան լուրջ վերաբերվել: Ազգային թիմի դարպասը պաշտպանում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը` Պետեր Չեխը, պաշտպանությունում հանդես են գալիս Յանկուլովսկիի, Ռոզենհալի եւ Ույֆալուշիի պես հայտնի ֆուտբոլիստներ, հարձակման գծում Բարոշ եւ Կոլլեր, որոնք միասին 83 գնդակ են խփել ազգային հավաքականում: Խնդիրներ կան կիսապաշտպանությունում, քանի որ Լոնդոնի «Արսենալում» հանդես եկող Տոմաշ Ռոսիցկին վնասվածքի պատճառով բաց է թողնելու Եվրոպայի առաջնությունը:

Շվեյցարիայի հավաքականում աստղեր գրեթե չկան: Այս թիմի առավելությունը սեփական հարկի տակ հանդես գալու գործոնն է: Եվրոպայի առաջիկա առաջնության ավարտից հետո հավաքականից կհեռանա գլխավոր մարզիչ Յակով Կունը, որը 2001թ. գլխավորելով Շվեյցարիան` կարողացավ որոշակի հաջողություններ արձանագրել: Մասնավորապես, շվեյցարացիները մասնակցեցին 2006թ. աշխարհի առաջնությանը:

Թուրքիայի հավաքականի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում կրկնակի մեծ է, քանի որ այս ընտրանու հետ Հայաստանը սեպտեմբերի 6-ին աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի անդրանիկ հանդիպումն է անցկացնելու: Թուքերի հնարավորություններին բուքմեյքերները չեն հավատում: Այն, որ Ֆաթիհ Տերիմի սաները դուրս չեն գա քառորդ եզրափակիչ, խաղադրույք է ընդունվում ընդամենը 1.25 գործակցով:

Մինչ այս

Այս խմբում ընդգրկված հավաքականներից ամենալավը միմյանց ծանոթ են Շվեյցարիա եւ Թուրքիայի հավաքականները, որոնց միջեւ Եվրոպայի առաջնության շրջանակներում մինչ այս կայացել է 4 հանդիպում: 2 անգամ հաղթել են թուրքերը, 1 խաղում` շվեյացարացիները, եւս մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Հիշատակմանը արժանի է 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆում կայացած 2 հանդիպումները: Առաջին խաղում Շվեյցարիան հաղթեց 2:0 հաշվով, իսկ հյուրընկալվելիս` զիջեց 2:4 հաշվով: Պատասխան խաղում թուրքերը «ջերմ» ընդունելության արժանացրեցին Շվեյցարիային, իսկ խաղից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում Յակոբ Կունը հայտնվեց հիվանդանոցում, իսկ շվեյցարացի ֆուտբոլիստները մեծ մասը մարմնական վնասվածքներ ստացան:

Ա խմբի խաղացանկ

7-ը հունիսի

21:00 Շվեյցարիա - Չեխիա, Բազել

23:45 Պորտուգալիա - Թուրքիա, Ժնեւ

11-ը հունիսի

21:00 Չեխիա - Պորտուգալիա, Ժնեւ

23:45 Շվեյցարիա - Թուրքիա, Բազել

15-ը հունիսի

23:45 Շվեյցարիա - Պորտուգալիա, Բազել

23:45 Թուրքիա - Չեխիա, Ժնեւ