ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԹՈՂԵՑ «ՎՈԼԳԱՅԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՀայտնի է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արամ Հակոբյանը վերադարձել է Երեւանի «Բանանց» եւ իր ելույթները կշարունակի փոխեչմպիոնի կազմում:
2007թ. վերջին «Բանանցից» հեռանալուց հետո` հայ ֆուտբոլիստը պայմանագիր կնքեց ռուսական «Վոլգայի» հետ: «Նախապատրաստական փուլում մասնակցեցի այս թիմի բոլոր հանդիպումներին եւ բավական լավ դրսեւորեցի ինձ: Ամեն ինչ շատ հաջող էր սկսվել, սակայն վնասվածք ստացա եւ դուրս մնացի հիմնական կազմից: Երբ վնասվածքից վերականգնվեցի մարզիչը այլեւս չէր ընդգրկում ինձ հիմնական կազմում», - ասաց Արամ Հակոբյանը:
Դեռ ավելին մարզիչը նրան նույնիսկ պահեստայինների նստրանում տեղ չէր տալիս եւ նման իրավիճակում Հակոբյանը ստիպված էր վերջնագիր ներկայացնել.«Ես հստակ խոսեցի մարզչի հետ եւ ասացի, որ ձեռնտու չէ ինձ համար խաղային պրակտիկայից զրկված լինելը: Նույնիսկ հրաժարվեցի մայիս-հունիս ամիսների աշխատավարձից, որպեսզի կարողանամ վերադառնալ: Այլապես ստիպված կլինեի անիմաստ նստել այնտեղ մինչեւ պայմանագրիս ավարտը` հուլիսի 8-ը»:
Վերադառնալով «Բանանց» Հակոբյանը նախ առանձնազրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Նեդելչո Մատուշեւի հետ. «Մատուշեւը, թեեւ Կոստովի ընկերն է եւ նրա միջոցով է հայտնվել Հայաստանում, սակայն ընդգծեց, որ իրեն բացարձակ չի հետաքրքրում, թե նախկինում ինչ է եղել իմ եւ Կոստովի միջեւ: Զգացվեց, որ մարզիչը իրոք պրոֆեսիոնալ է եւ նրան հետաքրքրում է միայն իմ ցուցադրած խաղը: Նա նշեց նաեւ, որ տեղյակ է իմ ելույթների մասին եւ հույս ունի, որ կրկին արդյունավետ խաղ կցուցադրեմ»:
Ըստ Արամի, ներկայիս «Բանանցը» զգալիորեն փոխվել է 2007թ. թիմից .«Փոփոխությունները բավական շատ են թիմում: Կարելի է ասել` լրիվ նոր թիմում եմ հայտնվել: Մի շարք լեգեոներներ կան, որոնք միացել են նաեւ Ռոմիկ Խաչատրյանը եւ Կարեն Ալեքսանյանը: Եվ դեռ նոր փոփոխություններ էլ են սպասում: Մասնավորապես ներկայումս փորձաշրջան են անցնում բուլղարացի ֆուտբոլիստներ: Առաջնության մեկնարկը հաջող չի ստացվել թիմի համար, բավական քիչ միավորներ են վաստակել: Բայց մարզվելով թիմի հետ` զգում եմ, որ այն մեծ ներուժ ունի եւ հավատում եմ, որ կարող ենք պայքարել բարձր արդյունքների համար»:
Փորձառու ֆուտբոլիստը հույս ունի, որի շուտով կրկին հրավեր կստանա ազգային թիմից.«Անթալիայում, երբ «Վոլգայի» կազմում մասնակցում է ուսումնամարզական հավաքի, իմ խաղը դիտեց նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը: Նա ինձ հետ զրուցեց եւ ասաց, որ տեսնում է ինձ հավաքականում: Մնացածը ինձանից է կախված: Շուտով կրկին հանդես կգամ «Բանանցի» կազմում, իսկ Պոուլսենը ներկա գտնվում է առաջնության հանդիպումներին, ուսումնասիրում հավաքականի անդամների խաղը»: