ՄՐՑԱԿԻՑԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 1-ին Գերմանիայի Օֆենբախ քաղաքում Հայաստանի հավաքականը հերթական ընկերական հանդիպումը կանցկացնի` այս անգամ մրցելով ֆուտբոլի Եվրոպայի 2004թ. առաջնության հաղթող Հունաստանի հավաքականի հետ:
Հայաստանի եւ Հունաստանի հավաքականները մինչ այս հանդիպել են 2 անգամ: Խոսքը «Եվրո-2004»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած հանդիպումների մասին է: Առաջին հանդիպումը կայացավ 2002թ. հոկտեմբերին Աթենքում, որտեղ Հունաստանի հավաքականը առավելության հասավ 2:0 հաշվով: Դա հույների առաջին հաղթանակն էր ընտրական մրցաշարում, որից հետո Հունաստանի հավաքականը, մեկը մյուսի հետեւից հաղթելով, մրցակիցներին ի վերջո գրավեց առաջին հորիզոնականը: Հունաստանը հաղթեց նաեւ 2003թ. սեպտեմբերին Երեւանում կայացած խաղում, որում մեր թիմը զիջեց 0:1 հաշվով:
Սա Եվրոպայի առաջնությունների մեծ ամենասկանդալային հանդիպումներից մեկն էր, քանի որ հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մրցակցին մեղադրեց 1 մլն դոլարով խաղը գնելու փորձ կատարելու մեջ: ՈՒԵՖԱ-ն անմիջապես սկսեց հետաքննել այս խաղի շուրջ ծավալված իրադարձությունները, սակայն որոշ ժամանակ անց այս հարցը փակվեց եւ ոչ-ոք այլեւս չէր հիշում այդ մասին:
Իսկ հույները, դուրս գալով «Եվրո-2004»-ի եզրափակիչ փուլ, անսպասելիորեն հաղթեցին Պորտուգալիայիում կայացած Եվրոպայի առաջնությունում:
Հունաստանի հավաքականի հաջողությունները առաջին հերթին պայմանավորված են գլխավոր մարզիչ Օտտո Ռեհեգալի լավ աշխատանքով: Գերմանացի այս մասնագետը 2001թ. գլխավորեց Հունաստանի ազգային թիմը: Սկզբում Ռեհագելի աշխատանքը միայն քննադատության էր արժանանում, սակայն աստիճանաբար Հունաստանը սկսեց բարելավել իր արդյունքները, իսկ գագաթնակետը եղավ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելը:
Ներկայումս Հունաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Աշխարհի ուժաղգույն հավաքականի տասնյակում հույները հայտնվել են «Եվրո-2008»-ի ընտրական փուլում ցույց տված գերազանց արդյունքի շնորհիվ: Ընդգրկված լինելով C խմբում` Ռեհագելի սաները անցկացրած 12 հանդիպումներից 10 հաղթեցին, 1 խաղ ավարտեցին ոչ-ոքի եւ ընդամենը 1 պարտություն կրեցին:
Հայաստանի հետ խաղին չի մասնակցի Հունաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստը` դարպասապահ Անտոնիոս Նիկոպոլիդսը, որը արդեն 38 տարեկան է: «Օլիմպիակոսում» հանդես եկող այս դարպասապահը վնասվածք ունի եւ հավանաբար նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա Կոնստանտինոս Խալկիասը ՊԱՕԿ-ից: Վնասվածք ունի նաեւ Անգելոս Բասինասը, որը 87 հանդիպում է անցկացրել Հունաստանի կազմում եւ խփել 7 գնդակ: Բասինասը եւ Նիկոպոլիդիսը ներկայիս հավաքականի կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներն են:
Հունաստանի հավաքականի ներկայիս լավագույն ռմբարկուն գերմանական «Նյուրնբերգում» հանդես եկով Անգելոս Խարիստեասն, որը խփել է 18 գնդակ: Խարիստեասը արդյունավետ խաղով աչքի ընկավ նաեւ «Եվրո-2004»-ի ընթացքում` դառնալով եզրափակիչում խփած միակ գոլի հեղինակը:
Մայիսին Հունաստանի հավաքականը արդեն 2 ընկերական հանդիպում է անցկացրել: Մայիսի 19-ին հույները 2 անպատասխան գնդակ են ուղարկել Կիպրոսի հավաքականի դարպասը, իսկ մայիսի 25-ին հյուրընկալվելիս 2:3 հաշվով զիջել են Հունգարիային: Հայաստանի հանդիպումը Հունաստանի համար վերջինը կլինի «Եվրո-2008»-ի մեկնարկից առաջ: