Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՈՈՒԼՍԵՆԸ ԳՈՀ ԷՐ, ԴՈԲՐՈՎՈԼՍԿԻՆ` ՈՉ

Սպորտ

Մոլդովա - Հայաստան ընկերական հանդիպումից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկին նշել է, որ իր սաները շատ վատ հանդիպում անցկացրեցին. «Իմ գլխավորությամբ թիմը դեռ երբեք նման վատ ելույթ չէր ունեցել: Մեր ֆուտբոլիստները դժգույն տեսք ունեին եւ ֆիզիկապես պատրաստ չէին այս հանդիպմանը: Իրենց ակումբներում նրանք ավարտել էին ելույթները մայիսի սկզբներին: Խորվաթիայի հետ խաղում նրանց ուժը հերիքեց, իսկ ահա այս խաղում ոչ: Մենք լուրջ աշխատանք ունենք կատարելու»: Մարզիչը նշել է նաեւ, որ սա լավ առիթ էր նորեկներին փորձարկելու. «Այն ֆուտբոլիստները, որոնք առաջին անգամ էին հավաքականում, նախեւառաջ պետք է մերվեին հավաքականի մթնոլորտին: Բայց, այնումամենայնիվ, ես ավելի մեծ սպասելիքներ ունեի նրանցից»:

Նախկինում հայտնի ֆուտբոլիստին դուր չի եկել նաեւ ֆուտբոլասերների վերաբերմունքը. «Ինձ թվում էր մարզադաշտում ավելի շատ հանդիսականներ կլիեն: Եթե հանդես գայինք Քիշինեւում, միգուցե եւ այդպես լիներ»: Ընկերական այս հանդիպմանը Տիրասպոլի «Շերիֆ» մարզադաշտում հետեւել է ընդամենը 4.000 հանդիսական:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը մինչ խաղին անցնելը շնորհակալություն է հայտնել մոլդովացիներին ջերմ ընդունելության համար. «Մարզադաշտում հիանալի մթնոլորտ էր տիրում: Հաճելի է նման պայմաններում հանդես գալը: Ես գոհ եմ իմ սաների ցուցադրած խաղի: Գոլառատ հանդիպում ստացվեց, որում կողմերից յուրաքանչյուրը կարող էր հաղթել: Մեր ֆուտբոլիստները մեծ ծավալի աշխատանք կատարեցին եւ բազմաթիվ գոլային պահեր ունեցան»:

Հ.Գ. Տիրասպոլի հեռուստաընկերությունը անվճար տրամադրել է այս խաղի ազդանշանը բոլոր ցանկացողներին: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դրանից օգտվել է, իսկ ահա Մոլդովայում հանդիպումը չեն դիտել: