ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ ՉՊԱՀԵՑԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ Տիրասպոլում ավարտվեց ֆուտբոլի Մոլդովայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ կայացած ընկերական հանդիպումը:
Հայաստանի հավաքականը խաղադաշտ էր դուրս եկել այսպիսի կազմով. 1.Գեւորգ Կասպարով, 4. Սարգիս Հովսեփյան, 5. Ռոբերտ Արզումանյան, 18. Ալեքսանդր Թադեւոսյան, 17. Աղվան Մկրտչյան, 16. Լեւոն Պաչաջյան, 8. Արթուր Ոսկանյան, 6. Արարատ Առաքելյան, 14. Սամվել Մելքոնյան, 9. Համլետ Մխիթարյան, 13. Մարկոս Պրիզելի
Հանդիպումը սկսվեց մոլդովացիների առավելությամբ, որոնք որոշ ժամանակ տարածքային առավելություն ուներին: Սակայն, առաջինը հաջողության հասան հայ ֆուտբոլիստները. 25-րդ րոպեին Լեւոն Պաչաջյանի փոխանցումից հետո հավաքականում իր առաջին խաղը անցկացնող Մարկոսը մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը: 5 րոպե անց Բուգաեւը կարող էր խփել պատասխան գնդակը, սակայն իր բարձրության վրա էր դարպասապահ Գեւորգ Կասպարովը: 38-րդ րոպեին տանտերերի տուգանային հրապարակում հայտնված Արարատ Առաքելյանը շրջադարձ հարվածով փորձեց հասնել հաջողության, սակայն մոլդովացի պաշտպանին հաջողվեց գնդակը հեռացնել դարպասից: 42-րդ րոպեին Առաքելյանը արդեն Հայաստանի հավաքականի տուգանայինում փորձելով հեռացնել գնդակը, այն ուղարկեց մեր ընտրանու դարպասը եւ հաշիվը այս ինքնագոլի շնորհիվ հավասարվեց: Ընդմիջմանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը Սամվել Մելքոնյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Գեւորգ Ղազարյանին:
2-րդ կեսը հաջող սկսվեց Հայաստանի հավաքականի համար: 53-րդ րոպեին Լեւոն Պաչաջյանը խլելով գնդակը մրցակցի պաշտպանից ներխուժեց տուգանային հրապարակ եւ գեղեցիկ հարվածով գրավեց Մոլդովայի հավաքականի դարպասը: Հայ ֆուտբոլիստները ընդամենը 20-րոպե կարողացան պահպանել հաղթական հաշիվը: 73-րդ րոպեին Սերգեյ Ալեքսեւը օգտվելով մեր ընտրանու դարպասապահի եւ պաշտպանների անփույթ խաղից հավասարեցրեց հաշիվը: Այս գնդակից հետո մոլդովացիները մի պահ ճնշող առավելություն ունեին, սակայն Հայաստանի հավաքականը աստիճանաբար ուշքի եկավ եւ մինչեւ խաղավարտ դարպասը գրավելու 2 ռեալ պահ ունեցավ: 2 դեպքում էլ նպաստավոր դիրքերում հայտնվեց Արա Հակոբյանը, որը չկարողացավ օգտագործել ռեալ գոլային պահերը: Մրցավարի ավելացրած ժամանակահատվածում արդեն մոլդովացիները կարող էին հաղթանակ կորցել, սակայն հաջող խաղաց Գեւորգ Կասպարովը:
Ի վերջո հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով: