ՄՈԼԴՈՎԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւանի ժամանակով 21:00-ին Տիրասպոլում ընկերական հանդիպում կկայանա Մոլդովայի եւ Հայաստանի հավաքակաների միջեւ: Մինչ այս կողմերը հանդիպել են 2 անգամ:
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1992թ. հոկտեմբերի 12-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում, որտեղ Էդուարդ Մարգավորի գլխավորած թիմը հյուրընկալեց Մոլդովային: 5000 ֆուտբոլասերների աջակցության ներքո Հայաստանը որոշակի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց: Եթե այդ ժամանակ պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար դա առաջին պաշտոնական հանդիպումն էր, ապա Մոլդովան արդեն մեծ որոշակի փորձ ուներ եւ մի քանի ընդկերական հանդիպումներ էր անցկացրել: Իր առաջին հանդիպումը այս հավաքականը անցկացրել էր դեռեւս 1991թ.` սեփական հարկի տակ 2:4 հաշվով զիջելով Վրաստանին:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի եւ Մոլդովայի հավաքականների միջեւ կայացացել է 2000թ. փետրվարի 2-ին Կիպրոսի Լառնակա քաղաքում` միջազգային ավանդական մրցաշարի շրջանակներում: Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակահատվածում Կարեն Դոխոյանը գլխի դիպուկ հարվածով հաղթանակ պարգեւեց մեր թիմին 2:1 հաշվով:
Ներկայումս Մոլդովայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: Սա բավական լուրջ ցուցանիշ է, որը շատերի մոտ է զարմանք առաջացնում: Թե ինչպես են մոլդովացիները հայտնվել նման բարձր հորիզոնականում, դժվար է ասել, քանի որ թիմը վերջին տարիներին առանձնապես լուրջ արդյունքների չի հասել: Ամեն դեպքում մոլդովացիները «Եվրո-2008»-ի ընտրական փուլում մի քանի տպավորիչ հանդիպումներ են անցկացրել: Մասնավորապես 3:0 հաշվով հաղթել են Հունգարիային, հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասել Բոսնիայի նկատմամբ, 1:1 հաշվով ավարտել Թուրքիայի հետ հանդիպումը:
Այս արդյունքները թույլ են տալիս ներկայիս հավաքականը համարել ամենաուժեղ այս երկրի պատմության մեջ: Դա պայմանվորված է հիմնականում գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկու աշխատանքով, որը 2006թ. գլխավորելով Մոլդովայի հավաքականը լուրջ փոփոխություններ կատարեց հավաքականում:
Ամեն դեպքում Դոբրովոլսկին ավելի հայտնի է իր ֆուտբոլային կարիերայով: 1984թ. իր նորամուտը նշելով Քիշինեւի «Նիստրույում»` երկու տարի անց Իգորը 18-ամյա հայտնվեց Մոսկվայի «Դինամոյի» կազմում, որտեղ հանդես եկավ մինչեւ 1990թ., եւ այդ տարի ճանաչվեց ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստ: Այս ընթացքում հայտնի կիսապաշտպանը դարձավ նաեւ ԽՍՀՄ, այնուհետեւ ԱՊՀ հավաքականի անդամ, որտեղ անցակցրեց 47 հանդիպում եւ խփեց 10 գնդակ, իսկ 1988թ. Սեւուլում կայացած օլիմպիական խաղերում ԽՍՀՄ-ի կազմում դարձավ չեմպիոն: Իր կարիերայի ամենամեծ հաջողությանը մոլդովացի ֆուտբոլիստը հասավ Մարսելի «Օլիմպիկի» կազմում, որտեղ հայտնվեց 1992թ. իտալական «Ջենովայից»: Դաբրովոլսկին մեկ տարի անց «Օլիմպիկի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:
Մոլդովայի հավաքական հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Ամենափորձառու ֆուտբոլիստը Ռադու Ռեբեժան է, ով շուտով կդառնա 35 տարեկան: Մոսկվայի համանուն թիմում հանդես եկող այս կիսապաշտպանը 64 անգամ է հագել ազգային թիմի մարզաշապիկը եւ խփել 2 գնդակ: Անցկացրած խաղերի քանակով երկրորսը Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Սերգեյ Կովալչուկն է, ով 31 հանդիպում է անցկացրել եւ խփել երկու գնդակ: 26-ամյա այս ֆուտբոլիստը վերջին ժամանակներս խուսափում է Մոլդովայի հավաքականից` ամեն անգամ հանդես գալով անհասկանալի պատճառաբանություններով: Լավագույն ռմբարկուն գործող ֆուտբոլիստներից Վիորել Ֆրունզան է` վեց գնդակով: