ԳՈՀԱՐՅԱՆԸ ԵՎ ՅԱՎՐՈՒՅԱՆԸ ԳՈԼԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին վնասվածքի պատճառով չի մասնակցել Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի մրցավեճին, որում նրա թիմը` «Խիմկին» սեփական հարկի տակ 2:2 հաշվով է ավարտել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ հանդիպումը:
2:2 հաշվով է ավարտվել նաեւ «Խիմկի» եւ «Լոկոմոտիվի» փոխարինողների մրցավեճը: Հյուրերի կազմում 51-րդ րոպեին աչքի է ընկել Հովհաննես Գոհարյանը, ով փոխարինողների մրցաշարում արդեն 11 գնդակ է խփել եւ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ավարտվեց Ուկրաինայի առաջնությունը:
30-րդ տուրում կայացավ Դոնեցկի դերբին, որտեղ «Շախտյորը» ընդունել էր «Մետալուրգին»: Հաղթանակի դեպքում հանքափորները չորրորդ անգամ կդառնային Ուկրաինայի չեմպիոն եւ քչերն էին կասկածում, որ այս խաղում Միրչա Լուչեսկուի թիմը միավորներ կկորցնի: «Շախտյորը» հաղթեց 4:1 հաշվով եւ 74 միավորով գրավեց առաջին հորիզոնականը: «Մետալուրգի» կազմում վերջին տուրի հանդիպմանը ամբողջությամբ մասնակցեց միայն Արարատ Առաքելյանը, իսկ Սամվել Մելքոնյանը կրկին նստած էր պահեստայիների նստարանին: «Մետալուրգը» 31 միավորով գրավեց 12-րդ հորիզոնականը: Այպիսով Նիկոլայ Կոստովը մարտին լքելով «Բանանցը» կարողացավ փրկել «Մետալուրգին», որը ռիսկի էր դիմում դուրս մնալ լավագույնների պայքարից:
Դանիայի առաջնության 32-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության է հասել «Վիբորգի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի պաշտպանը փոխարինման է դուրս եկել վերջին րոպեներին: Այս հաղթանակից հետո Արզումանյանի թիմը 44 միավորով ընթանում է վեցերորդ հորիզոնականում եւ այլեւս առաջադիմելու հնարավորություն չունի: Իսրայելի առաջնության 31-րդ րդ տուրում «Բնեյ Շաքնինը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է ետնապահ Հերզլիայի «Մաքկաբիին»: Հանդիպման 12-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Եղիա Յավրույանը:
Ավարտվեց Բուլղարիայի առաջնությունը, որի վերջին տուրում Տիգրան Ղարաբաղցյանի «Չեռնո Մորեն» հյուրընկալվելիս 3:0 հաշվով առավելության հասավ ետնապահ «Վիդիմայի» նկատմամբ եւ գրավեց 5-րդ հորիզոնականը` իրավունք ստանալով հանդես գալ Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում: