Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՔՆԱԾ ԷԻՆ ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Փյունիկը» իր առաջին խոշոր հաշվով հաղթանակը տոնեց` 3:0 հաշվով առավելության հասնելով ետնապահ «Կիլիկիայի» նկատմամբ:

Սակայն թիմի մարզիչ Վարդան Մինասյանը գոհ էր միայն արդյունքից.«Արդյունքից գոհ եմ, բայց խաղի որակից ոչ այնքան: Մեզ այս խաղում առաջին հերթիան անհրաժեշտ էր հաղթել: Թե ինչպես այն ձեռք կբերվեր, կարեւոր չէր, առաջնայինը արդյունքն էր: Ինչպես գիտեք վերջին տուրերում չենք կարողացել հաղթել, բացի այդ գավաթի խաղարկությունում անհաջող հանդես եկանք, դրան գումարած քիչ գոլ ենք խփում, ուստի այս խաղում գրանցված խոշոր հաշիվը շատ ուրախալի է մեզ համար»:

Այս տուրում«Բանանցի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվեց, քանի որ այդ թիմի կազմում 4 ֆուտբոլիստներ հանդես են գալիս մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականում: «Փյունիկիում» այս տարիքային հավաքականի անդամները անհմամետ շատ են, սակայն «Փյունիկը» չգնաց նման քայլի եւ Մինասյանի կարծիքով` հետաձգելը անիմաստ կլիներ.«Մենք ունենք «Փյունիկ-2», որտեղից էլ բերել էինք ֆուտբոլիստներ: Բացի այդ մենք արդեն ունենք հետաձգված հանդիպում, եւ եթե այս հանդիպումը եւս հետաձգվեր, ապա կուտակում տեղի կունենար»:

«Կիլիկիայի» գլխավոր մարզիչ Երվանդ Կրբաշյանը ընկճված էր, քանի որ նրա սաները խիստ անհաջող հանդիպում անցկացրեցին. «Մեր թիմի ցուցադրած խաղից շատ դժգոհ եմ: Խաղային ոչ մի օղակում մեր ֆուտբոլիստները չկարողացան լիարժեք խաղալ, բարձր մակարդակի ֆուտբոլ ցույց տալ: «Բանանցի» հետ նախորդ տուրում կայացած խաղը գոհացնում էր, որ առաջընթաց կա, բայց այսօրվա խաղը դրա լրիվ հակառակ պատկերն էր: Կոնկրետ պատճառներ չեմ կարող նշել, բայց ինձ թվում է հիմնական պատճառներից մեկը սխալ սպորտային ռեժիմն է , որովհետեւ առաջին խաղակեսից արդեն երեւում էր, որ թիմը պատրաստ չէ խաղին: Քնած դուրս էին դաշտ, շարժում չկար, տեղաշարժերը քիչ էր, փոխանցումների որակը շատ ցածր էր»:

Երեւանի «Արարատը» թարմացրեց առաջնության մեկնարկում տարած հաղթանակների քանակով իր ռեկորդը` 6-րդ տուրում հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթելով Կապանի «Գանձասարին»:

Վերջին 7 օրերի ընթացքում, սա արարատցիների երրորդ ծանր հանդիպումն էր: Նախքան այս Սուքիասյանի սաները լարված 120 րոպեներ էին անցկացրել գավաթի եզրափակիչում, այնուհետեւ 2:1 հաշվով հաղթել «Միկային» հինգերորդ տուրի կենտրոնական խաղում, իսկ վեցերորդ տուրում` «Գանձասարին»:

«Կապանում միշտ էլ դժվար է «Գանձասարի» դեմ պայքարելը, քանի որ այս ակումբը հանդես գալով սեփական հանդիսատեսի աջակցության ներքո, ավելի նվիրված է ելույթ ունենում: Խաղասկզվում «Գանձասարը» երկու գրոհ ձեռնարկեց, որի հետո մենք շտկեցինք իրավիճակը եւ խաղը վերցրեցինք մեր ձեռքերում: Ես նորից կասեմ, որ եթե մի թիմի կիսապաշտպանությունում ընդգրկված են Արթուր Մինասյանի, Ռենատոյի եւ Մարկոսի պես ֆուտբոլիստներ, ապա մեկնաբանությունները ավելորդ են: Ամեն դեպքում «Գանձասարը» հարգանքի արժանի մրցակից է», ասաց Վարուժան Սուքիասյանը: