Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՂԵԳՐԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Մայիսի 22-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում կկայանա հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը: Հայաստանի հավաքականի կազում այս մրցաշարին կմասնակցեն 4 ըմբիշ: Քանի Հայաստանը արդեն ուղեգրեր է նվաճել 56կգ, 66կգ, 120կգ քաշային կարգերում, ապա ըստ կանոնադրության իրավունք չունի մասնակից ունենալ այդ քաշերում, իսկ ահա մյուս 4 քաշային կարգերում հայ ըմբիշիները կպայքարեն Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

60կգ քաշային կարգում հանդես կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն Կարեն Մնացականյանը, որը բավական փորձառու ըմբիշ է: Այս քաշային կարգում իրոք մեծ սպասելիքներ կան Մնացականյանից: 74կգ քաշային կարգում հանդես կգա անհամեմատ երիտասարդ Արսեն Ջուլֆալակյանը` հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի որդին: Արսենը վերջին մրցաշարերում բավական վստահ էր հանդես գալիս եւ առաջիկա մրցաշարում դասվում է ֆավորիտների շարքին: 84կգ քաշային կարգում հանդես կգա ռուս լեգեոներ Դենիս Ֆորովը, իսկ 96կգ քաշային կարգում` Արման Գեղամյանը:

66կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չունի, քանի որ Արման Ադիկյանը վաղուց ուղեգիր նվաճել էր: Այս քաշային կարգում հանդես կգա Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Բարսեղյանը: Եթե Բարսեղյանին հաջողվի նվաճել ուղեգիր, ապա նա կդառնա 3-րդ հայ ըմբիշը, ով իրավունք է ստանում հանդես գալու Պեկինի խաղերին: Բացի Ադիկյանին նման իրավունք նվաճել է նաեւ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը, որը վերջին 10 տարիներին հանդես է գալիս Բուլղարիայի հավաքականում: