«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԲԱՍԿԵՏԲՈԼԸ ԼԱՎ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ»
Աջակցիր «Ա1+»-ինՀայ բասկետբոլիստները այս տարի միջազգային պաշտոնական մրցաշարերի չեն մասնակցի, փոխարենը կնախապատրաստվեն հաջորդ տարի ամռանը կայանալիք Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններին:
«Անիմաստ ենք համարում 13-14 տարեկան բասկետբոլիստներով հավաքականի մասնակցությունը Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների առաջնությանը: Ավելի լավ է նրանց այս տարի եւս հանդես գան փորձ ձեռք բերեն, որպեսզի հաջորդ տարի կարողանան լուրջ պայքար մղել», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Նախորդ տարի Հայաստանի մինչեւ 16 եւ 18 տարեկանների հավաքականները հանդես էին եկել Եվրոպայի առաջնություններում, սակայն գրանցված արդյունքները չեն գոհացրել ֆեդերացիայի նախագահին. «Մեր թիմի կազմում ընդգրկված էին իրենց հասակակիցներից փոքր բասկետբոլիստներ: Օրինակ 16 տարեկանների կազմում հանդես էին գալիս 13-14 տարեկաններ, որոնք չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ: Այս տարի նման սխալ թույլ չենք տա: Դրա հետ մեկտեղ լուրջ ֆինանսական խնդիրներ են առաջանում թիմը մրցավայր գործուղելու հարցում»:
Ֆինանսների բացակայությունը հիմնականում պայմանավորված է պետության կողմից հատկացվող գումարի չափից: Այն ընդամենը 16 մլն դրամ, ինչը թիմային մարզաձեւի համար կարելի է սիմվոլիկ համարել:
Հաջորդ տարի ՀԲՖ-ն ցանկանում Երեւանում անցկացնել Եվրոպայի կանանց C դիվիզիոնի մրցաշար. «Նման մրցաշար ցանկանում էին կազմակերպել այս տարի, սակայն ձեռնպահ մնացինք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օգոստոսին օլիմպիական խաղերն են եւ այն մարզաձեւերը, որոնք չենք մասնակցում այդ խաղերին, նրանց առջեւ շատ դռներ փակվում են»: Հրաչյա Ռոստոմյանի կարծիքով այսօր Հայաստանում ավելի մեծ ապագա ունի կանանց բասկետբոլը, ուստի ֆեդերացիան հայտ է ներկայացրել կանանց մրցաշար անցկացնելու համար. «Կանայք բանակի խնդիր չունեն, իսկ տղամարդկանց մոտ այս խնդիրը շատ մեծ դեր է խաղում: Ես արդեն առիթ ունեցել եմ մի քանի անգամ ընդգծելու, որ 18 տարեկանում զորակոչվելով` մեր տաղանադավոր բասկետբոլիստներից շատերը վերադառնալուց հետո թողնում են սպորտը»:
Ներկայումս Հայաստանում չկա որեւէ մարզադահլիճ, որտեղ հնարավոր կլինի անցկացնել միջազգային հանդիպում, սակայն ըստ Ռոստոմյանի այդ խնդիրը մրցաշարից առաջ կարելի է լուծել. «Մայիսին Մյունխենում ՖԻԲԱ-ն խորհրդակցություն է անցկացնելու, եթե Հայաստանը ստանա մրցաշարը անցկացնելու իրավունք, ապա առնվազն մեկ մարզադահլիճը կկահավորվի եւ կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին»:
Հրաչյա Ռոստոմյանը խոսեց նաեւ Հայաստանի առաջնությունների մասին: Տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնություններին այս տարի մասնակցում են 5-ական թիմեր. «Առաջին շրջանը անցկացվեց Երեւանում եւ ընթացավ բավական լարված պայքարում: Իհարկե, մասնակիցների քանակը այս տարի քիչ է, սակայն նախատեսում ենք, որ հաջորդ տարի կմասնակցեն 6-ական թիմեր: Առաջնության 2-րդ շրջանը կանցկացվի Գյումրիում մայիսի 26-30-ը, որից հետո լավագույն 4 թիմերը պայքարը կշարունակեն սեպտեմբերին: Կարծում եմ` չեմպիոնության համար բավական լարված պայքար է ընթանալու եւ որեւէ մեկին նախապատվությունը տալ հնարավոր չէ»:
Առայժմ հայկական ակումբները չեն կարող մասնակցել եվրագավաթների խաղարկություններին. «Թիմերը չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, իսկ ֆեդերացիան չի կարող օգնել նրանց այդ հարցում»: