Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏՍՆՆ ՈՒ ՄՈԼԴՈՎԱՆ ՆՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԵՆ

Սպորտ

Մայիսի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Մոլդովայի հետ: Հավաքականի թեկնածուներից թերեւս ներկայումս ամենալավը Արա Հակոբյանն է տեղյակ մրցակցի մասին, քանի որ հանդես է գալիս Մոլդովայի առաջնությունում: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արա Հակոբյանը այս տարի տեղափոխվեց մոլդովական «Զիբրու», որը Մոլդովայի առաջնությունան վերջին տուրից առաջ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

«Վերջին տարիներին Մոլդովայի հավաքականը մեծ առաջընթաց է ապրել: Այս մասին են վկայում թիմի վերջին մեկ տարվա ընթացքում ցույց տված արդյունքները: Մեր առաջիկա մրցակցի մի շարք ֆուտբոլիստների ծանոթ եմ: Շատերը հանդես են գալիս Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնություններում: Լավ հավաքական է եւ կարծում եմ հետաքրքիր հանդիպում կստացվի»,-ասաց նա: Հայ ֆուտբոլիստի կարծիքով` Հայաստանի եւ Մոլդովայի առաջնությունները գրեթե նույն մակարդակի վրա են. «Հայաստանի առաջնությունը միանշանակ չի զիջում Մոլդովայի առաջնությանը: Պարզապես Մոլդովայում ավելի ուժային ֆուտբոլ են խաղում: Մոլդովական ակումբները իրենց ֆինանսական հնարվորություններով եւս չեն փայլում: Ես մշտապես հետեւում եմ հայկական ֆուտբոլի իրադարձություններին եւ կարծում եմ առաջնության մակարդակը բարձրացել է: Գրեթե բոլոր թիմերն էլ բավական լավ կազմերով են հանդես գալիս»:

Հայաստանի հավաքականի կազմում Արա Հակոբյանը այս տարի մասնակցել է կայացած բոլոր հանդիպումներում եւ դարձել 2 գոլի հեղինակ: Ազգային թիմի գործող ֆուտբոլիստների շարքում նա լավագույն ռմբարկուն է. «4 խաղից 3-ում հաղթել ենք եւ սրանով արդեն ամեն ինչ ասված է: Արդյունքը արդեն իսկ վկայում է, որ նոր գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը բարձրակարգ մասնագետ է: Այս տարին իրոք հաջող է ստացվեց եւ իմ արդյունավետ խաղը պայմանավորված է նրանով, որ մեր թիմը բոլոր հանդիպումներում էլ կայուն խաղ ցուցադրեց: Տեղյակ եմ, որ գործող ֆուտբոլիստներից շարքում ես եմ լավագույն ռմբարկուն: Ամեն ինչ կանեմ այդ ցուցանիշը բարելավվելու համար: Շատ կարեւոր է, որ մենք հաջող հանդես գանք ընտրական փուլում, որտեղ մեզ ուժեղ հավաքականներ են բաժին հասել: Բայց մեր հավաքականը նախորդ ընտրական փուլում ցույց տվեց, որ ցանկացած մրցակցի հետ էլ կարող է լավ խաղ ցուցադրել եւ հաղթել: Ինձ թվում է հաջող հանդես կգանք»:

«Ա1+»-ի հետ զրույցում Արա Հակոբյանը նաեւ հայտնեց, որ արդեն հարմարվել է եւ նոր թիմին եւ որեւէ խնդիր չունի: «Զիբրուն» այս տարվա առաջնությունում չի փայլում եւ դա ըստ Հակոբյանի` կազմում տեղի ունեցած փոփոխություններն են.« Թիմը շատ մեծ կորուստներ ունեցավ: Ինչպես գիտեք, որ «Զիբրուում» չեն Կարեն Ալեքսանյանը եւ Գալուստ Պետրոսյանը: Հեռացել են հիմնական կազմի եւս 10 ֆուտբոլիստներ: Կարելի է ասել` ներկայումս հանդես ենք գալիս երկրորդ թիմի ֆուտբոլիստներով: Եթե «Զիբրուն» պահպաներ իր հիմնական կազմը, ապա համոզված եմ երկրորդ տեղի ռեալ հակավնորդ կլիներ: Նույնիսկ կարող էինք չեմպիոնության համար պայքարել»:

Արա Հակոբյանը ամուսնացած է, ունի 2 դուստր, սակայն Քիշինեւում բնակվում է միայնակ.«Մեծ աղջիկս արդեն դպրոց է հաճախում, ուստի նպատահակարմար գտա, որ ընտանիքս մնա Հայաստանում: Քիշինեւը գեղեցիկ քաղաք է: այստեղ հայեր շատ կան, բայց ես ժամանակ չունեմ նրանց հետ շփվելու»: