Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈԼԴՈՎԱՆ ՍԿՍՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ

Սպորտ

Ֆուտբոլի Մոլդովայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկին հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պետք է նախապատրաստվեն մայիսի 28-ին Տիրասպոլում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք ընկերական մրցավեճին:

Մարզիչը հրավիրել է 24 ֆուտբոլիստների, որոնցից 16-ը լեգեոներներ են: Մոլդովացի ֆուտբոլիստները հիմնականում հանդես են գալիս ռուսական թիմերում, որոնցից Սերգեյ Կովալչուկը ներկայացնում է Մոսկվայի «Սպարտակը»: Պաշտպաններից Վիկտո Գոլովատենկոն Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ միասին ելույթ է ունենում մերձմոսկովյան «Խիմկիի» կազմում, որը եզրափակում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Իսկ Իգոր Արմաշը եւ Արա Հակոբյանը միասին ելույթ են ունենում մոլդովական «Զիբրույում»: Դոբրովոլկսկին հրավեր է ուղարկել նաեւ Սամարայի «Կռիլյա Սովետովից» օրերս հեռացված դարպասապահ Նիկոլայ Կալանչային, որը թիմից հեռացվել էր մարզական ռեժիմը բազմիցս խախտելու համար: Ավելորդ չէ նշել, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Մոլդովան զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանը` 80-րդ:

Մոլդովայի հավաքականը Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցն է մեր ընտրանու պատմության ընթացքում: ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված նորանկախ Հայաստանի հավաքականը 1992թ. Երեւանի «Հրազդան» մարզադաշտում 5 հազար հանդիսականների ներկայությամբ ընկերական խաղում ուժերը չափել է Մոլդովայի հետ: Այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց, թեեւ Հայաստանը առավելություն ուներ: Հաջորդ հանդիպումը կողմերի միջեւ կայացավ շուրջ 10 տարի անց Կիպրոսի միջազգային մրցաշարում: Այստեղ Հայաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով: Հաղթական գնդակը խփեց Երեւանի «Փյունիկի» ներկայիս պաշտպան Կարեն Դոխոյանը:

Մայիսի 28-ին Մոլդովայի հետ կայանալիք հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը կուղեւորվի Գերմանիայի Դուսելդորֆ քաղաք, որտեղ կմրցի Եվրոպայի գործող չեմպիոն Հունաստանի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը այս տարի արդեն 4 ընկերական հանդիպում է անցկացրել, որից 3-ում հաղթել է մրցակիցներին: