Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ԱՄՐԱՊՆԴԵՑ ԴԻՐՔԵՐԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական խաղում Երեւանի «Արարատը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ եւ ամրապնդվեց առաջին հորիզոնականում:

Այս հանդիպումից առաջ 2 թիմերն էլ միավորներ չէին կորցրել, սակայն արդեն առաջին կեսոմ պարզ դարձավ, որ «Արարատը» հաղթելու է նաեւ այս մրցավեճում: 19-րդ րոպեին արարատցիներին առաջ մղեց բրազիլացի Պիզզելի Մարկոսը, որը թիմի լավագույն ռմբարկուն է: Ընդամենը 2 րոպե անց Էդգար Սաֆարյանը կրկնապատկեց հաշիվը: 2-րդ կեսում «Միկան» Արտյոմ Ադամյանի խփած գոլի շնորհիվ կրճատեց հաշիվ տարբերությունը, սակայն ավելին անել Արկադի Անդրեասյանի սաներին շհաջողվեց:

Եւս մեկ հետաքրքիր հանդիպում կայացավ «Փյունիկի» մարզաբազայում, որտեղ չեմպիոնը ընդունել էր Կապանի «Գանձասարին»: 71-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Արսեն Ավետիսյանը, սակայն քիչ անց Սարգիս Հովսեփյանը խփեց պատասխան գնդակը եւ հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով:

2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց փոխչեմպիոն «Բանանցը», որը 4:2 հաշվով առավելության հասավ ետնապահ «Կիլիկիայի» նկատմամբ: «Բանանցի» կազմում մեկական անգամ աչքի ընկան Մարկո Գանչեւը, Արսեն Բալաբեկյանը, Պավել Կրումովը եւ Նորայր Գյոզալյանը:

Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ուլիսին» եւ հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Միկային»: