Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՏԱՆԸ ՊԱՏԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ»

Սպորտ

Նախորդ շաբաթ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Իտալիայում միջազգային ընկերական մրցաշարի մասնակցեց, որտեղ անցկացրեց 4 խաղ:

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում արդյունավետ խաղով աչքի ընկավ «Փյունիկի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը, որը ներկայիս թիմի առաջատար ֆուտբոլիստներից է, եթե ոչ առաջատարը: Վերադառնալով Երեւան` Մխիթարյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ մրցաշարը շատ օգտակար էր հավաքականի համար. «Հանգրվանել էինք Միլան քաղաքից 72կմ հեռավորության վրա գտնվող Կոցաջլիո քաղաքում: Հանդիպեցինք բավական տարբեր մրցակիցների հետ: Կարելի է ասել աստիճանաբար մրցակիցները ուժեղանում էին: Օրինակ` առաջին խաղում մենք մրցեցինք «Մոնցայի» հետ եւ հաղթեցինք 4:1 հաշվով, սակայն այս թիմը զգալիորեն թույլ էր «Յուվենթուսից», որին եւս հաղթեցինք խոշոր հաշվով»: Հենրիխի վրա հատկապես լավ տպավորություն էր թողել հենց «Յուվենթուսը». «Ես հեղինակավոր ակումբի 19 տարեկանների թիմը շատ լավ տպավորություն թողեց: Խաղն էլ բավական բարդ էր եւ անցավ դիտարժան պայքարում: Կառանձնացնեի նաեւ «Բրեշիային», որի հետ հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով»:

Շուտով Հայաստանում կայանալու է Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության Էլիտ-ռաունդի խմբային մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Իսպանիայի հավաքականները: Ըստ երիտասարդ ֆուտբոլիստի` Իտալիայում ուենցած ելույթները մեծ փորձ էին հայ խաղացողների համար. « Անցկացրած 4 խաղերում մենք 14 գնդակ խփեցին եւ այս արդյունքը վկայում է, որ մենք բավական ուժեղ հարձակման գիծ ունենք»: Թեեւ Հայաստանի մրցակիցներն են Իսպանիայի, Ուկրաինայի եւ Թուրքիայի պես ուժեղ հավաքականները, սակայն Մխիթարյանի կարծիքով` անհնարին ոչինչ չկա. «Մենք հանդես ենք գալու սեփական հարկի տակ եւ ինչպես ասում են` տան պատերը օգնում են: Բոլոր մրցակիցներ էլ մեր հասակակիցներն են եւ որեւէ մեկին առանձնացնել չէի ցանկանա: Կարծում եմ` հավասար պայքար կծավալվի մեր խմբում»:

Ցավոք Հենրիխը մրցաշարի առաջին 2 հանդիպումները բաց կթողնի որակազրման պատճառով. «Շատ եմ ցավում, որ չեմ կարող առաջին 2 հանդիպումներին մասնակցել: Նախորդ տարի կայացած ընտրական վերջին խաղում ստացած կարմիր քարտի պատճառով ստիպված եմ բաց թողնել առաջին հանդիպումները»: