Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԿՈՍԸ ԵՐԿԱՐ ԷՐ ՍՊԱՍԵԼ ԱՅԴ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

Սպորտ

Երեւանի «Արարատի» բրազիլացի լեգեոներ Պիզզելի Մարկոսը արդեն 2 տարուց ավել է հանդես գալիս այս ակումբի կազմում: Նախորդ մրցաշրջանում Մարկոսը դարձավ Հայաստանի առաջնության ռմբարկու, իսկ օրերս առաջին տիտղոսը նվաճեց` «Արարատի» կազմում դառնալով Հայաստանի գավաթակիր:

Եզրափակիչում «Արարատը» հաղթեց «Բանանցին» եւ հաղթական գնդակը լրացուցիչ ժամանակում խփեց հենց բրազիլացի ֆուտբոլիստը, որի համար անձրեւոտ եղանակին խաղալը այնքան էլ հեշտ չէր. «Շատ դժվար խաղ ստացվեց, քանի որ եղանակային պայմանները ամենեւին էլ ֆուտբոլային չէին եւ բավական ցուրտ էր, ինչին անձամբ ես այնքան էլ սովոր չեմ: Չնայած աստիճանաբար հարմարվում եմ այս կլիմային»:

Այժմ բրազիլացի ֆուտբոլիստը անհամբերությամբ սպասում է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը. «Սա իմ առաջին տիտղոսն էր Հայաստանում, որտեղ ես արդեն երեք տարի է հանդես եմ գալիս: Շատ ուրախ եմ նաեւ, որ հանդես կգանք ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Ես երկար էի սպասել այդ պահին»:

Մարկոսը ընդգծեց նաեւ, որ իր հաջող ելույթներում մեծ ավանդ ունի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը. «Նա մեծ վստահություն հաղորդեց ինձ:

Նա հավատաց ինձ եւ ես ամեն ինչ արեցի այդ վստահությունը արդարացնելու համար»: Մարկոսի համերկրացի Ռենատո Մորայրես եւս առաջին անգամ տիրացավ Հայաստանի գավաթին եւ հույս ունի, որ դրանով «Արարատը» չի սահմանափակվի. «2 թիմերի համար էլ խաղը բարդ ստացվեց եւ դա բնական է, քանի որ մենք հանդես եկանք եղանակային վատ պայմաններում: Գավաթի եզրափակիչում միշտ թիմերը ներդնում են իրենց ողջ կարողությունները: Ես շատ գոհ եմ, որ այս դժվար խաղում մենք արդյունքի հասանք: Այս հաջողությունը շատ թանկ է մեզ համար եւ պետք է ամեն ինչ անենք, որ առաջիկայում նոր հաջողություններ արձանագրենք»: