Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԷԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՑ»

Սպորտ

Երեւանի «Արարատը» 5-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը շաբաթավերջին Իջեւանում լարված պայքարում հաղթելով «Բանանցին»: Թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի համար սա 4-րդ գավաթն էր, սակայն նախորդ 3-ը Սուքիասյանը նվաճել էր այլ ակումբների հետ:

«Ես ուզում էի շունչ տալ այս թիմին, քանի որ նախորդ մրցաշրջանում դառը պարտություններ էին կրել: Ես ուզում էի, որ ապացուցեն, որ իրենք ուժեղ են եւ հոգաբանորեն պատրաստ են լավ արդյունքների», - ասաց Սուքիասյանը, որը խաղից հետո թերեւս ամենաերջանիկն էր: Մարզչի համար սա սկզբունքային էր նաեւ նրանով, որ նախորդ մրցաշրջանի միջնամասում «Արարատի» ղեկավարները միջամտել էին Սուքիասյանի գործունեությանը եւ մարզիչը որոշել էր հրաժարական տալ: Դրանից հետո «Արարատը» բավական հաջող հանդես եկավ եւ առաջնությունում գրավեց ընդամենը 4-րդ հորիզոնականը:

2008 թվականի սկզբում վերադառնալով «Արարատ»` Սուքիասյանը թիմին դուրս բերեց եզրափակիչ, որտեղ արդեն թեժ պայքար ծավալվեց «Բանանցի» հետ.«Մրցակիցը ընդամենը 2 գոլային պահ ունեցավ, որից մեկը առաջին կեսում ինչպես գիտեք օգտագործեցին: Եթե համեմատենք առաջնության շրջանակներում կայացած նախորդ խաղը, ապա անցած խաղում մենք բացահայտ առավելություն ունեինք: «Բանանցը» այդ խաղում որեւէ պահ չի ունեցել, իսկ մենք ունեցել ենք 2-3 100 տոկոսանոց պահ»:

Իջեւանում կայացած խաղը ուղեկցվեց հորդառատ անձրեւով, ինչը ըստ մարզչի ազդեց հատկապես «Արարատի» խաղի վրա.«Ունենք ստեղծագործ ֆուտբոլիստներ, կատարող ֆուտբոլիստներ եւ եղանակը այդ խաղում մեր կողմը չէր, այլապես Ռենատոն, Մարկոսը, Մինասյանը կփայլեին իրենց անհատական վարպետությամբ: Ես ընդմիջմանը տղաներին ասացի, որ խաղը հավասար է, մենք չենք պարտվում: Ես համոզված էի որ մենք հաղթելու էինք, շնորհակալություն տղաներից: Ես միայն կարող եմ ասել, որ մենք ուժեղ էինք: Այժմ մենք ուրախ ենք, բայց պետք է արագ մոռանանք այս հաջողությունը, եւ արագորեն պատրաստվենք «Միկայի» հետ առաջնության 5-րդ տուրի խաղին»:

Այս հաղթանակը թույլ տվեց «Արարատին» ՈւԵՖԱ-ի գավաթի ուղեգիր նվաճել եւ երկարատեւ ընդմիջումից հետո հանդես գալ հեղինակավոր այս մրցաշարում.«Անկած եվրագավաթի ուղեգիր նվաճելը մենք համալրում ենք ունենալու էին եւ առաջիկայում դա տեղի կունենա, քանի որ մեր պահեստայինների նստարանը շատ կարճ է»:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Նեդելչո Մատուշեւի համար եզրափակիչ հանդիպումը եւս սկզբունքային էր: Բուլղարացի մասնագետ «Բանանցի» ղեկին հայտնվեց այն բանից հետո, երբ Նիկոլայ Կոստովը հեռացավ Դոնեցկի «Մետալուրգ». «Ես գտնում եմ, որ մենք լաղ խաղ ցուցադրեցինք: Հիմնական ժամանակում դարպասը գրավելու մի շարք ռեալ պահեր ունեցանք «Արարատի» դարպասի մոտ: Երկրորդ կեսում գոլ բաց թողեցինք եւ ինչպես առաջնության խաղի ժամանակ, այնպես էլ այս անգամ մարզական բախտը «Արարատի» կողմն էր: Մրցակիցը օգտագործեց իր պահերը եւ մենք այսօր եւս պարտվեցինք: Երբ դեռ խոտածածկը լավ վիճակում էր մենք լավ պահեր ունեցանք եւ չնայած պարտությանը մեր խաղը ստացվեց»:

Բուլղարացի մարզիչը հույս ունի, որ իր սաները ավելի դիպուկ կգտնվեն առաջնության հանդիպումների ընթացքում.«Մեր գլխավոր թերությունը այն է, որ մեծ թվով պահեր ենք ստեղծում, սակայն չենք կարողանում իրացնել դրանք: Մենք կշարունակենք պայքարը Հայաստանի առաջնությունում, որտեղ ձգտելու ենք լավ արդյունքի հասնել: Մենք երիտասարդ լավ թիմ ունենք: Ցավալի է, որ Ռոմիկը վնասվածք ստացավ եւ առաջիկայում չի կարողանա օգնել մեզ, քանի որ վնասվածք ունի»: