ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ 23 ԳՆԴԱԿ Է ԲԱՑ ԹՈՂԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի առաջնությունում շարունակում է անհաջող հանդես գալ մերձմոսկովյան «Խիմկին», որի դարպասը պաշտպանում է Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Իններորդ տուրում սեփական հարկի տակ «Թերեքին» պարատվելուց հետո «Խիմկին» հյուրընկալվելիս 3:4 հաշվով զիջեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Հանդիպման առաջին կեսում Ռոման Բերեզովսկին 3 գնդակ ընդունեց սեփական դարպասը եւ ընմիջմանը փոխարինվեց: Բերեզովսկին, որը նաեւ թիմի ավագն է, անցկացրած 10 հանդիպումներում արդեն 23 գնդակ է բաց թողել: Սակայն, բաց թողած մեծ թվով գնդակները հիմնականում թիմի պաշտպանների անփույթ խաղի արդյունք են:
Փոխարինող թիմերի առաջնությունում շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Հովհաննես Գոհարյանը, որը այս անգամ երկու գնդակ է ուղարկել «Տոմի» դարպասը, իսկ «Լոկոմոտիվը» հաղթել է 8:0 հաշվով: Գոհարյանը փոխարինողների մրցաշարում արդեն 10 գնդակ է խփել եւ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Զարմանալի է միայն, որ հայ ֆուտբոլիստը առայժմ հրավեր չի ստանում երկաթուղայինների գլխավոր թիմից:
Ուկրաինայի առաջնության 29-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական հարկի տակ մրցեց Խարկովի «Մետալիստի», որտ ընթացիկ առաջնությունում բավական հաջող է հանդես գալիս եւ գործնականում ապահովել է երրորդ հորիզոնականը: Նախորդ տուրում «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոտսովը որոշել էր հանգստի հնարավորություն տալ Արարատ Առաքելյանին, սակայն այս անգամ հայ ֆուտբոլիստը ընգրկված էր հիմնական կազմում եւ մասնակցեց ողջ հանդիպմանը: Իսկ Սամվել Մելքոնյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում եւ կրկին ոչնչով աչքի չընկավ: Հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով, իսկ Առաքելյանը, ըստ ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցմանը, լավագույններից մեկն է եղել խաղադաշտում: Ստացած միավորների քանակով Արարատը զիջել է միայն Չեչերին, որը դարձել է իր թիմի միակ գոլի հեղինակը:
Ավարտվեց Ռումինիայի առաջնությունը: Վերջին տուրում Քարամյան եղբայրների «Պոլիտեխնիկան» 4:1 հաշվով առավելության հասավ «Ֆարուլի» նկատմամբ: Արտավազդ Քարամյանը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ Արմանը փոխարինման դուրս եկավ վերջում: «Պոլիտեխնիկան» 57 միավորով գրավեց վեցերորդ հորիզոնականը, իսկ չեմպիոնի կոչումը անսպասելիորեն նվաճեց «Կլուժը»:
Շվեդիայի առաջնության 10-րդ տուրում Լեւոն Պաչաջյանը իր առաջին գնդակն է խփել ԳԱԻՍ-ի կազմում անցկացրած պաշտոնական հանդիպումներում: Լեւոնը աչքի է ընկել «Մալմոյի» հետ արտագնա մրցավեճում` 48-րդ րոպեին բացելով խաղի հաշիվը: ԳԱԻՍ-ը վերջին րոպեին ընդունած գոլի պատճառով չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը եւ հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով:
Բելառուսի առաջնությունում շարունակում է հաջող հանդես գալ Արթուր Ոսկանյանի եւ Ալեքսանդր Թադեւոսյանի «Վիտեբսկը»: 6-րդ տուրում «Վիտեբսկը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել փոխչեմպիոն «Գոմելի» նկատմամբ, որի կազմում հանդես է գալիս Աղվան Մկրտչյանը: Այս հաղթանակից հետո «Վիտեբսկը» 16 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: