ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԿՐԿԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները իր Իտալիայի միջազգային մրցաշարում, որտեղ Արմեն Գյուլբուդաղյանցի սաների մրցակիցներն էին իտալական «Մոնցա», «Բրեշիա», «Վիչենցա» եւ «Յուվենթուս» ակումբների մինչեւ 19 տարեկաններ ֆուտբոլիտսներով համալրված թիմերը: Առաջին 2 խաղում Հայաստանի միեւնույն 4:1 հաշվով հաղթել էր «Մոնցային» եւ «Վիչենցային», այնուհետեւ 2:2 հաշվով ավարտել «Բրեշիայի» հետ հանդիպումը:
Վերջին խաղում մեր թիմի մրցակիցն էր հանրահայտ «Յուվենտուսի» մինչեւ19 տարեկանների թիմը: Հանդիպումը կրկին անցավ Հայաստանի հավաքականի բացահայտ առավելությամբ եւ ավարտվեց 4:1 հաշվով մեր հավաքականի օգտին: Հայաստանի ընտրանու կազմում աչքի ընկան Նորայր Գյոզալյանը (9), Էդգար Մալաքյանը (48), Գրիգոր Մովսիսյանը (63) եւ Հենրիխ Մխիթարյանը (88): Մրցակիցը հաջողության հասավ 23-րդ րոպեին 11-մետրանոցից:
Այսպիսով` անցկացրած 4 հանդիպումներում մինչեւ 19 տարեկանների Հայաստանի ընտրանին 3 խոշոր հաշվով հաղթանակ տոնեց` մրցակիցների դարպասը ուղարկելով 14 գնդակ:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ից 27-ը Հայաստանում տեղի կունենա մինչեւ 19 տարեկան հավաքականների Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի յոթերորդ խմբի մրցաշարը, որտեղ մեր ընտրանին կմրցի Իսպանիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի հավաքականների հետ: Այս կարեւոր ստուգատեսից առաջ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմի ցուցադրած արդյունքները հուսադրող են: Ցավալի է միայն, որ հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը Իտալիայի մրցաշարում արդյունավետ խաղով աչքի ընկավ, որակազրկման պատճառով բաց է թողնել էլիտ ռաունգի առաջին 2 հանդիպումները: