ԱՄՈՅԱՆՆ ԷԼ ՆՎԱՃԵՑ ՈՒՂԵԳԻՐ
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայում կայացած հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում օլիմպիական վարկանիշ է ձեռք բերել Եվրոպայի նախկին չեմպիոն Ռոման Ամոյանը:
55 կգ քաշային ըմբիշը, առաջին երկու մրցամարտերում հաղթելով մրցակիցներին, 3-րդում պարտվել է, սակայն պայքարելով 3-րդ տեղի համար, հաջողության է հասել եւ դարձել հունա-հռոմեական ոճի հայ 3-րդ ըմբիշը, որը իրավունք է ստանում մասնակցելու օգոստոսին Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերին: Մինչ այս նման իրավունք էին նվաճել Արման Ադիկյանը եւ գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, որոնք դեռեւս 2007թ. սեպտեմբերին Բաքվում կայացած աշխարհի առաջնության ժամանակ էին ապահովել իրենց տեղը Պեկինում:
Իտալիայի վարկանիշային մրցաշարում անհաջող են հանդես եկել 66կգ Խոսրով Մելիքյանը, 84կգ Դենիս Ֆորովը եւ 96կգ Արման Գեղամյանը: Ամեն դեպքում Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած Հայաստանի հավաքականը դեռ հնարավորություն ունի ավելացնելու ուղեգրերի քանակը: Մայիսի 21-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում կկայանա վարկանիշային վերջին մրցաշարը: ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ Սերբիա մեկնողների կազմը հայտնի կդառնա եւ Հայաստանի հավաքականը Իտալիայից վերադառնա Երեւան:
Իսկ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը այլեւս հնարավորություն չունի ավելացնելու ուղեգրերի քանակը: Հիշեցնենք, որ ազատ ոճայինները 3 ուղեգիր էին նվաճել վարկանիշային մրցաշարերում: