Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷՔՍՏՐԵՄԱԼ ՖՈՒՏԲՈԼ ԻՋԵՎԱՆԻ «ԱՐՆԱՐՈՒՄ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2008թ. եզրափակիչը այս տարի կայացավ Իջեւանի «Արնար» մարզադաշտում, որտեղ մրցեցին Երեւանի «Արարատը» եւ «Բանանցը»:

Հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել տեղաբնակների մոտ, քանի որ նման բարձր մակարդակի հանդիպում Իջեւանում մինչ այս տեղի չէր ունեցել: Բացի այդ սա «Արնար» մարզադաշտի բացման խաղն էր: Փոքրիկ այս մարզադաշտը, իհարկե չի կարող համեմատվել «Հրազդանի» կամ «Հանրապետականի» հետ, սակայն, մեծ խթան կարող է հանդիսանալ Տավուշի մարզում ֆուտբոլը զարգացնելու համար:

Հանդիպումից առաջ տեղացած անձրեւի պատճառով առանց այդ էլ փայլուն վիճակում չգտնվող խոտածածկը ավելի անորակ էր դարձել եւ եւ անկասկած դա ազդեց հանդիպման դիտարժանության վրա: Ամեն դեպքում արդեն առաջին րոպեին «Բանանցը» կարող էր բացել խաղի հաշիվը, եթե սուր անկյան տակ նպաստավոր դիրքում հայտնված Սիմեոն Զլատեւը շեղ չհարվածեր: Դրանից հետո «Արարատը» դարպասը գրավելու մի քանի ռեալ պահ ունեցավ: Ի վերջո հաշիվը բացվեց 37-րդ րոպեին, երբ Զլատեւի փոխանցումից հետո Մարկո Գանչեւը մեն մենակ մնալով դարպասապահի դեմ գրավեց դարպասը: Մինչեւ ընդմիջում նույն ֆուտբոլստը եւս մեկ անգամ մեն-մենակ դուրս եկավ Նիկոլայ Սարգսյանի դեմ, սակայն այս անգամ բարձր հարվածեց: 2-րդ կեսում «Արարատին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը: 74-րդ րոպեին Մարկոսը տուգնային հարվածից լավ փոխանցում կատարեց Վահագն Մինասյանին, որն էլ գլխի դիպուկ հարված կատարեց: Այդ րոպեիներին Իջեւանում կրկին անձրեւ էր տեղում, որը գնալով ուժեղացավ: Մի պահ թվաց, որ հանդիպումը նույնիսկ կարող է հետաձգվել, սակայն գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանը նման քայլի չգնաց եւ թիմերը շարունակեցին պայքարը: Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով եւ ըստ կանոնադրության թիմերը պայքարը շարունակեցին լրացուցիչ 30 րոպեում: Լրացուցիչ ժամանակը մեծ ուրախություն պարգեւեց ֆուտբոլասերներին, քանի որ ջրափոսերով լեցուն խաղադաշտի վրա զավեշտալի պայքար է ծավալվել, իսկ գնդակը մեծ դժվարությամբ էր ընթանում: Ներքեւից փոխանցումները ընդհանրապես չէին ստացվում: Թվում էր նման ոչ ֆուտբոլային պայմաններում դարպասի նոր գրավում չի արձանագրվի եւ հաղթողը կորոշվի 11 մետրանոցներով: Սակայն, 117-րդ րոպեին «Արարատի» բրազիլացի հարձակվող Մարկոսի հարվածից հետո գնդակը դիպչելով «Բանանցի» պաշտպանին փոխեց ուղղությունը եւ հայտնվեց Մատյուգինի պաշտպանած դարպասում: Այս գոլն էլ հաղթանակ պարգեւեց Վարուժան Սուքիասյանի սաներին, որոնք նախորդ տարվա եզրափակիչում ճիշտ նույն սցենարով պարտվել էին «Բանանցին»: Տիրանալով գավաթին «Արարատը» իրավունք ստացան նաեւ ամռանը հանդես գալ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: