Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԸ ԳՈՀ Է ԻՐ ԹԻՄԻ ԽԱՂԻՑ

Սպորտ

Նախորդ տարի Երեւանի «Արարատի» կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը արդեն մի քանի ամիս է հանդես է գալիս բելառուսական «Վիտեբսկում»: Այս ակումբում է հանդես գալիս նաեւ «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Թադեւոսյանը: Նախորդ մրցաշրջանում այս ակումբը առանձնապես չէր փայլում, սակայն Բելառուսի նոր մեկնարկած առաջնությունում թիմը 7 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

«Մեկնարկը իրոք հաջող ստացվեց: Մենք այժմ ընթանում ենք մրցանակային 3-րդ հորիզոնականում եւ պայքարելու ենք բարձր տեղերի համար», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արթուր Ոսկանյանը եւ ավելացրեց. «Վաղը սեփական հարկի տակ ընդունելու ենք Բրեստի «Դինամոյին», որը եզրափակում է մրցաշարային աղյուսակը, սակայն մեկնարկային տուրերը ցույց են տվել, որ անկախ զբաղեցրած հորիզոնականից բոլոր թիմերն էլ կարող են անակնկալ մատուցել»:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նշեց, որ վաղուց էր ցանկանում հանդես գալ Բելառուսում. «Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ես ստացա միանգամից մի քանի առաջարկներ: Ինձ կանչում էին Ռուսաստանի առաջին դիվիզիոնի թիմեր, առաջարկում էին նաեւ վերադառնալ Կիպրոս, ինչպես նաեւ տարբերակներ կային Բելառուսից: Նախորդ տարի ես «Արարատի» կազմում մասնակցել եմ Ինտերտոտոյի գավաթի խաղարկության Սոլիգորսկի «Շախտյորի» հետ հանդիպումներին: Ինձ շատ դուրս եկավ Բելառուսը. լավ պայմաններ, բավական ուժեղ թիմեր եւ առաջնություն: Հետագայում ստանալով առաջարկ ես մեծ հաճույքով ընդունեցի այն: ինձ առաջին հերթին ոգեւորեց, որ ակումբի ղեկավարները ցանկանում էին ստեղծել մարտունակ կոլեկտիվ, որը կկարողանար լուրջ խնդիրներ լուծել: Այնպես է ստացվել, որ իմ կարիերայի ընթացքում որտեղ էլ որ հանդես եմ եկել, գրեթե միշտ իմ թիմերը պայքարել են առավելագույնի համար»:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով են տարբերվում Բելառուսի եւ Հայաստանի առաջնությունները` Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ասաց «Եթե անկեղծ լինեմ, ապա Բելառուսում մակարդակը բարձր է: Հայաստանում եւս կան 2-3 ակումբներ, որոնք կարող են մրցակցել Բելառուսի լավագույն թիմերի հետ, բայց մյուս թիմերը ցավոք սրտի չունեն անհրաժեշտ պայմաններ եւ ուղղակի միավորների բաժանողի դերում են: Ամենամեծ տարբերությունը այն է, որ Բելառուսի առաջնությունում կարելի է անակնկալ սպասել ցանկացած մրցավեճում, որի ապացույցը մեկնարկային տուրերն են»:

Ավելացնենք, որ Արթուր Ոսկանյանը հանդես է եկել մի շարք հայկական եւ արտասահմանյան ակումբներում, իսկ 1998թ. ճանաչվել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: