ՄՆԱՑ ՄԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտոբլի Հայաստանի գավաթի 2008թ. խաղարկության ավարտին մնաց ընդամենը մեկ հանդիպում: Խոսքը եզրափակիչի մասին է, որը կկայանա մայիսի 9-ին Իջեւանում: Մինչ այս թիմերը պայքարեցին 1/8-րդ, 1/4- րդ եւ 1/2-րդ եզրափակիչներում: Պետք է ընդգծել, որ 1/8-րդ եզրափակիչում պայքար չստացվեց, քանի որ բարձրագույն խմբի մասնակիցների առավելությունը ակնհայտ էր, իսկ ահա քառորդ եզրափակիչում լարված պայքար ծավալվեց, որի արդյունքում կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք ստացան «Փյունիկը», «Բանանցը», «Միկան» եւ «Արարատը»:
Տրամաբանական էր, որ հենց այս թիմերը պայքարեցին եզրափակիչի ուղեգրի համար, քանի որ նախորդ առաջնությունում հենց այս թիմեր էին զբաղեցրել առաջին 4 հորիզոնականները, սակայն որքան էլ տարօրինակ է կիսաեզրափակիչի 2 հանդիպումներում էլ գրանցվեցին խոշոր հաշիվներ: «Բանանցը» 2 հանդիպումների արդյունքում 5:1 հաշվով հաղթեց «Միկային», իսկ «Արարատը»` նույն հաշվով «Փյունիկին»: Այդ արդյունքները վկայում են, որ «Արարատը» եւ «Բանանցը» ակնհայտորեն ուժեղ են եղել իրենց մրցակիցներից, թեեւ նախքան կիսաեզրափակիչը հավասար պայքար էր սպասվում:
Հատկապես անսպասելի էր չեմպիոն «Փյունիկի» կրած պարտությունները: Դեռ երբեք «Փյունիկը» գավաթից դուրս չէր մնացել` 2 հանդիպումների արդյունքում նման խոշոր հաշվով պարտվելով: Իսկ «Արարատը» այս հաղթանակով եւս մեկ անգամ փաստեց, որ Վարուժան Սուքիասյանի վերադարձած լուրջ ազդեցություն է ունեցել թիմի խաղի որակի վրա: «Արարատը» հաջող է մեկնարկել Հայաստանի առաջնությունում, գավաթի խաղարկությունում դուրս եկավ եզրափակիչ: Մինչդեռ նախորդ առաջնության 2-րդ կեսում, թիմը նույն այս կազմով մի շարք խոշոր հաշվով պարտություններ կրեց, որոնցից մի քանիսում ոչ կոռեկտ 0:6 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ամենաճանաչված ակումբը լրիվ կերպարանափոխվել է եւ հավակնում է արդեն Հայաստանի գավաթին:
Եզրափակիչի մյուս մասնակից «Բանանցը» առայժմ միայն գավաթի խաղարկությունում է հանդես գալիս: «Միկայի» հետ 2 հանդիպումներում էլ Նեդելչո Մատուշեւի սաները հաջող հանդես եկան` ցույց տալով արդյունավետ խաղ, իսկ ահա առաջնությունում այս թիմերը դեռ ոչ մի գնդակ չեն խփել: «Բանանցի» կազմ է վերադարձել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, որը առաջնության վերջին տուրի հանդիպումը բաց թողեց վնասվածքի պատճառով: Հենց նա էլ «Միկայի» պատասխան խաղի արդեն առաջին րոպեին գրվեց մրցակցի դարպասը` գործնականում վճռելով այս դիմակայության ելքը:
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ընթացիկ խաղարկության ռմբարկուների ցուցակում, որի առաջին 8 հորիզոնականում գտնվող ֆուտբոլիստները այլեւս հնարավորություն չունեն բարելավելու իրենց ցուցանիշները, քանի որ նրանց ակումբները արդեն դուրս են մնացել հետագա պայքարից: 4 գնդակով առաջին տեղում գտնվող Լեւոն Ղասաբօղյլյանը ներկայացնում է «Կիլիկիան», որը անհաջողության մատնեց քառորդ եզրափակիչում: Երիտասարդ ֆուտբոլիստին 3-ական գնդակով հաջորդում են «Փյունիկի», «Միկայի», «Ուլիսի» եւ «Գանձասարի» ֆուտբոլիստները: Իսկ ահա «Արարատի» եւ «Բանանցի» խաղացողները արդյունավետությամբ չեն փայլել: «Արարատի» կազմում 2-ական գնդակ են խփել Մարկոսը եւ Սարգիս Մովսիսյանը, որոնք եզրափակիչում առնվազն 2 գոլ պետք է խփեն Ղասաբօղլյանին հավասարվելու համար: «Բանանցը» կազմում ամենարդյունավետ Նորայր Գյոզալյանն է, որը եւս 2 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը: