«ԱՐԱՐԱՏԸ» 10 ՀՈԳՈՎ ԷԼ ՋԱԽՋԱԽՈՒՄ Է «ՓՅՈՒՆԻԿԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի 2008թ. գավաթի եզրափակիչում կրկին կհանդիպեն Երեւանը ներկայացնող «Արարատը» եւ «Բանանցը»: Այս թիմերը գավաթը վիճարկել էին նախորդ խաղարկության եզրափակիչում եւս: Այսօր կայացած կիսաեզրափակիչ «Արարատ» - «Փյունիկ» պատասխան մրցավեճում անսպասելի արդյունք գրանցվեց:
«Արարատը», որը առաջին խաղում առավելության էր հասել 2:1 հաշվով այս անգամ չեմպիոնին հաղթեց խոշոր` 3:0 հաշվով: Արդեն 2-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Կիլիկիայի» նախկին ֆուտբոլիստ Սարգիս Մովսիսյանը: 33-րդ րոպեին «Արարատը» հայտնվեց ծանր կացության մեջ, քանի որ 2-րդ ղեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց թիմի առանցքային ֆուտբոլիստ Ռենատո Մորայրեսը: Սակայն, 10 հոգով էլ «Արարատը» կարողավ ոչ միայն պահպանել հաղթական հաշիվը, այլեւ 2-րդ կեսում զարգացրեց հաջողությունը: 56-րդ րոպեին Սերգեյ Էրզերումյանը կրկնապատկեց հաշիվը, իսկ 71-րդ րոպեին թիմի լավագույն ռմբարկու Մարկոսը նաեւ 3-րդ գնդակը ուղարկեց «Փյունիկի» դարպասը:
Կիսաեզրափակիչի մյուս խաղում «Բանանցը» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Միկայի» դարպասը: Արդեն առաջին րոպեին խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, իսկ 25-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է փոխչեմպիոն բուլղարացի լեգեոներ Պլամեն Կրումովը: Առաջին մրցավեճում «Բանանցը» հաղթել էր 3:1 հաշվով:
Այսպիսով մայիսի 9-ին Իջեւանում կայանալիք Հայաստանի գավաթի եզրափակիչում կհանդիպեն «Արարատը» եւ «Բանանցը»: