Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԿՆԱՐԿՆ ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂ ԷՐ

Սպորտ

Պլովդիվում մեկնարկած շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մեկնարկային տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը: Հաղթանակ է տոնել նաեւ Տիգրան Քոթանջյանը, որի մրցակիցը չի ներկայացել պարտիային եւ հայ շախմատիստին տեխնիկական հաղթանակ է շնորհվել:

Վլադիմիր Հակոբյանը, որը մրցաշարի ֆավորիտներից մեկն է, սեւերով ոչ-ոքի է խաղացել Շվեդիա ներկայացուցիչ Պոնտուս Կառլսոնի նկատմամբ: Կես միավոր են վաստակել նաեւ Կարեն Ասրյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Պարտություն է կրել միայն պատանի Դմիտրի Հարությունյանը:

Կանանց պայքարում Նելլի Աղինյանը մեկնարկային տուրում սեւերով զիջել է մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող Անտոանետա Ստեֆանովայի հետ, որը ներկայացնում է Բուլղարիան: Պարտություններ են կրել նաեւ Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով պարտության է մատնել Խորվաթիայի ներկայացուցիչ Վալենտինա Գոլուբկինային: Աննա Հայրապետյանը ոչ-ոքիով է ավարտել իր պարտիան: