ԱՌԱՋԱՏԱՐԸ ԿՐԿԻՆ «ԱՐԱՐԱՏՆ» Է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առաջնությանը մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը շարունակում է պահպանել Երեւանի «Արարատը», որը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ բավական վստահ է հանդես գալիս վերջին ամսվա ընթացքում: Գավաթի եզրափակիչում հանդես գալու լուրջ հայտ ներկայացնելուց հետո «Արարատը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ուլիսի» դարպասը, որի նկատմամբ առավելության էր հասել նաեւ գավաթի քառորդ եզրափակիչի երկու հանդիպումների արդյունքում: Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց Պիզելի Մարկոսը:
Նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն այս առաջնությունում խփած իր գոլերի քանակը հասցրեց երեքի եւ «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը: «Ուլիսը» այս մրցավեճի 43-րդ րոպեին հայտնվեց ծանր իրավիճակում, քանի որ երկրորդ զգուշացումը ստանալու պատճառով խաղադաշտը լքեց թիմի դարպասապահ Մայիս Ազիզյանը: 32-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երրորդ դարպասապահը զգուշացում էր ստացել մրցավարի հետ վիճելու համար, իսկ 43-րդ րոպեին` արդեն կոպիտ խաղի համար: Ստանալով քանակական առավելությունը «Արարատը» նաեւ ճնշող առավելություն ունեցավ երկրորդ կեսում, իսկ 73-րդ րոպեին Սարգիս Մովսիսյանը հաշիվը կրկնապատկեց:
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հանդիպումից հետո ասաց հետեւյալը. «Խաղը անցավ մեր առավելությամբ, եւ մենք արժանի էինք այս հաղթանակին: Դեռ ավելին, հաշիվը կարող էր նաեւ ավելի խոշոր լինել, քանի որ բացի խփված երկու գոլերը եւս 3-4 ռեալ պահ չօգտագործեցինք: Ինչպես եւ գավաթային հանդիպումներում, այնպես էլ առաջնության այս խաղում մենք ուժեղ էինք մրցակցից: Կարելի է ասել խաղ առ խաղ բարելավում ենք մեր խաղային որակները, բայց դեռ շատ աշխատանք կա կատարելու, քանի որ ձմռանը տեղի ունեցած նախապատրաստական շրջանում մի շարք բացթողումներ են տեղի ունեցել: Առաջնությունը դեռ նոր է սկսել եւ դժվար է մեկնարկին ինչ-որ գնահատական տալ, բայց ակնհայտ է, որ բոլոր թիմերի մասնակցությամբ հանդիպումներում էլ լարված պայքար է լինելու»:
«Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանի կարծիքով` «Արարատը» այս առաջնությունում կարող է պայքարել չեմպիոնության համար. «Հանդիպումը շատ դժվար ստացվեց, եւ դա էլ սպասում էինք, քանի որ մրցակիցը բավական ուժեղ էր: Կարելի է ասել, որ «Արարատը» չեմպիոնության հավակնորդներից մեկն է եւ իր կազմում ունի մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ»:
Երկրորդ խոշոր հաշվով պարտությունը կրեց նախորդ առաջնության ետնապահ «Կիլիկիան»: Այս անգամ Երվանդ Կրբաշյանի թիմը սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց «Միկային», որը այս հաղթանակից հետո միայն գնդակների տարբերությամբ է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատին»: