Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍԿԱՆԴԻՆԱՎՆԵՐԸ» ԻՐԵՆՑ ԼԱՎ ԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամներից հանգստյան օրերին հատկապես հաջող են հանդես եկել Ռոբերտ Արզումանյանը եւ Լեւոն Պաչաջյանը, որոնք իրենց ակումբների կազմերում լավագույններն են եղել խաղադաշտում: Դանիայի առաջնության 25-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» 2:1 հաշվով առավելության է հասել առաջատարներից մեկի` «Կոպենհագենի» նկատմամբ: Արզումանյանը մասնակցել է ողջ հանդիպմանը եւ ակումբի երկրպագունների կողմից ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Ըստ «Ռանդերսի» պաշտոնական կայքի, Արզումանյանը հոյակապ հանդիպում է անցկացրել եւ հենց նրա փայլուն խաղի շնորհիվ է «Կոպենհագենը» առանց միավորի հեռացել: Դրվագներից մեկում «Ռանդերսի» պաշտպան Ռալֆ Պեդերսենի անփույթ խաղի պատճառով գնդակը հայտնվել է մրցակցի հարձակվող Յեսպեր Գրոնկայերի մոտ, որը մեն-մենակ է հայտնվել անպաշտպան դարպասի դիմաց, սակայն Արզումանյանը, անհավանական ռեակցիա դրսեւորելով, վերջին պահին չի թողել մրցակցին գրավել դարպասը: Այս հաղթանակից հետո «Ռանդերսը» 34 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում:

Շվեդիայի առաջնության հինգերորդ տուրում կայացած Գյոթեբորգ քաղաքի թիմերի գերբին, որտեղ հանդիպեցին տեղի համանուն թիմը եւ Լեւոն Պաչաջյանի ԳԱԻՍ-ը: Լեւոնը բավական հաջող հանդես եկավ այս խաղում եւ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Խաղը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, սակայն ԳԱԻՍ-ը Պաչաջյանի շնորհիվ կարող էր մի քանի անգամ բացել հաշիվը: Այժմ

ԳԱԻՍ-ը հինգ միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում: Ռուսաստանի առաջնության վեցերորդ տուրում մերձմոսկովյան «Խիմկին» իր չորրորորդ պարտությունն է կրել հյուրընկալվելիս 2:3 հաշվով` պարտվելով Յարոսլավլի «Շիննիկին»: Ռոման Բերեզովսկին, որը արդեն նաեւ «Խիմկի» ավագն է, ընդունած երեք գոլերում որեւէ մեղք չուներ: Նախորդ շաբաթ «Խիմկիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Սլավոլյուբ Մուսլինի փոխարեն այս խաղում թիմը գլխավորել է Իգոր Յաշչենկոն: Բերեզովսկու թիմը շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով ընդամենը երկու միավոր: Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել «Զարյայի» հետ մրցավեճը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը մասնակցել է ողջ հանդիպմանը եւ բավական հաջող հանդես եկել, իսկ ահա Սամվել Մելքոնյանը ընդգրկված չի եղել նույնիսկ պահեստայինների թվում: «Մետալուրգը» 27 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում: Հաջորդ տուրում Նիկոլայ Կոստովի գլխավորած թիմը սեփական հարկի տակ մրցելու է ետնապահի` «Զակարպատյեի» հետ:

Ռումինիայի առաջնության 30-րդ տուրում Տիմիշոարայի «Պոլիտեխնիկան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվել է Կրայովայի «Ունիվերսիտատային»: Հանդիպմանը մասնակցել է միայն Արման Քարամյանը, իսկ Արտավազդը անհասկանալի պատճառներով դուրս է մնացել հիմնական կազմից: Այս պարտությունից հետո «Պոլիտեխնիկան» գործնականում զրկվեց երրորդ տեղ գրավելու հնարավորությունից: Այժմ թիմը 50 միավորով ընթանում է վեցերորդ հորիզոնականում: