Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2-րդ տուրում կայացավ առաջին շրջանի կենտրոնական հանդիպումը, որտեղ մրցեցին չեմպիոնության ամենառեալ հավակնորդները` «Բանանցը» եւ «Փյունիկը»:

Հանդիպման մեկնարկից արդեն 2 րոպե անց Սեմյոն Զլատեւը շրջանցելով մրցակից մի քանի ֆուտբոլիստների, ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն վերջին պահին Հայկ Չիլինգարյանը թույլ չտվեց բուլղարացի հարձակվողին դիպուկ հարված կատարել: «Փյունիկը» պատասխան գրոհի ժամանակ տուգանային հարվածի իրավունք ստացավ, որն իրացրեց Սարգիս Հովսեփյանը, սակայն չեմպիոնի ավագի հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Վեցերորդ րոպեին Գեւորգ Ղազարյանը հարվածային դիրք դուրս բերեց Հենրիխ Մխիթարյանին, որի հարվածից հետո Մատյուգինը մեծ դժվարությամբ գնդակը դուրս բերեց անկյունային: Մեկնարկն իրոք տպավորիչ էր, սակայն դրանից հետո թիմերը մի փոքր հանդարտվեցին եւ փորձում էին ավելի շատ հեռահար հարվածներով հաջողության հասնել:

Խաղի հաշիվը վերջապես բացվեց 33-րդ րոպեին, երբ Միհրան Մանասյանն, աջ եզրում շրջանցելով Եղիշե Մելիքյանին, փոխանցում կատարեց «Բանանցի» տուգանային հրապարակում հայտնված Գեւորգ Ղազարյանին, ով մեկ հպումով գնդակն ուղարկեց Մատյուգինի պաշտպանած դարպասը: Մինչեւ ընդմիջում «Փյունիկը» կարող էր կրկնապատկել հաշվի տարբերությունը: Արթուր Եդիգարյանը հարվածային դիրք դուրս բերեց Վարդան Պետրոսյանին, բայց երիտասարդ հարձակվողի հարվածից հետո Մատյուգինը հրաշքով փրկեց իր թիմին` գնդակը դուրս բերելով անկյունային:

Երկրորդ կեսն անցավ խիստ դժգույն պայքարում, եւ ողջ 45 րոպեների ընթացքում ընդամենը մեկ կիսագոլային պահ ստեղծվեց, որի հեղինակը «Բանանցի» ֆուտբոլիստներն էին, որոնք 78-րդ րոպեին լավ կոմբինացիա կազմակերպեցին, սակայն վերջին պահին «Փյունիկի» պաշտպաններին հաջողվեց չեզոքացնել վտանգը: Բավական ակտիվ էին տանտերերի բուլղարացի լեգեոներները, սակայն նրանց մոտ եւս ոչինչ չէր ստացվում:

«Փյունիկի» պաշտպանությունը այս խաղում իր բարձրության վրա էր, իսկ մարզչի կատարած չորս փոփոխությունները նոր լիցք հաղորդեցին չեմպիոնին, որը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը: «Փյունիկը» երկրորդ անընդմեջ «չոր» հաշվով հաղթանակը տոնեց եւ ապացուցեց, որ նույնիսկ իր երիտասարդ կազմով ի զորու է պահպանել չեմպիոնական տիտղոսը, թեեւ այդ մասին դեռ վաղ է խոսելը: «Բանանցն», ի տարբերություն «Միկայի» հետ գավաթային մրցավեճի, լրիվ այլ ֆուտբոլ ցուցադրեց եւ ողջ հանդիպման ընթացքում այդպես էլ որեւէ ռեալ գոլային պահ չկարողացավ ստեղծել:

Նոր մեկնարկած առաջնությունում փոխչեմպիոնը դեռ չի բացել իր գոլերի քանակը, որը կարելի է բացատրել թերեւս թիմում առկա կադրային խնդիրներով:

Անակնկալ գրանցվեց Գյումրիում, որտեղ «Շիրակը» 2:1 հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ: «Արարատը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ, իսկ «Միկան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Կիլիկիայի» դարպասը: