Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՍ ՄԵԿ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում են մեդալներ նվաճել Հայաստանի հավաքականի անդամները: Տղամարդկանցից առաջինը պայքարի մեջ մտավ 69 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը, որը, պոկում վարժությունում բարձրացնելով 158 կգ, գրավեց առաջին տեղը եւ երկամարտում հաղթելու լուրջ հայտ ներկայացրեց, քանի որ նրան հաջորդող ֆրանսիացի Վենսելես Դաբայան ընդամենը 145 կգ էր բարձրացրել:

Հրում վարժությունում Մարտիրոսյանը եւ Դաբայան բարձրացրեցին միեւնույն 188 կգ-անոց ծանրաձողը, եւ ավելի թեթեւ քաշ ունեցող ֆրանսիացին տիրացավ փոքր ոսկե մեդալին, իսկ երկամարտի արդյունքում Եվրոպայի չեմպիոն դարձավ Տիգրան Մարտիրոսյանը: Այս քաշային կարգում հանդես եկավ նաեւ Արայիկ Միրզոյանը, որը երկամարտի 296 կգ արդյունքով գրավեց 12-րդ հորիզոնականը:

Կանանց պայքարում իրենց ելույթները ավարտեցին Հայաստանի ներկայացուցիչները: Վերջինը պայքարի մեջ մտավ 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, որը պոկում վարժությունում այդպես էլ չկարողացավ արդյունք ցույց տալ, իսկ հրումում բարձրացնելով 141 կգ նվաճեց փոքր ոսկե մեդալ: