Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՍԱՆՏԸ ԿԱԶԱՆՈՒՄ

Սպորտ

Խոտի հոկեյը Հայաստանում շատ քչերին հայտնի մարզաձեւ է, սակայն ԽՍՀՄ օրոք Հրազդանի համանուն թիմը մեծ հաջողությամբ հանդես էր գալիս ԽՍՀՄ առաջնությանը: Այս թիմում իրենց կարիերան սկսած մի քանի մարզիկներ այսօր հանդես են գալիս Կազանի «Դինամոյում», որը Ռուսաստանի առաջատար թիմերից մեկն է:

Այս թիմում է հանդես գալիս նաեւ 35-ամյա Սամվել Գեւորգյանը, որը «Ա1+»-ի հետ զրույցում նախ մի փոքր պատմեց իր մասին. «13 տարեկանից եմ զբաղվում այս մարզաձեւով: 16 տարեկանում արդեն «Հրազդանի» հիմնական կազմի խաղացողներից էի: Այնեւհետու տեղափոխվեցի Ռուսաստան, որտեղ ելույթ եմ ունեցել մի շարք ակումբներում: Կառանձնացնեի Սամարայի ՍԿԱ-ն եւ Եկատերինբուրգի «Դինամոն»: Ելույթ եմ ունեցել նաեւ բելգիական թիմերում, իսկ վերջին տարիներին պաշտպանում եմ Կազանի «Դինամոյի» պատիվը»: Կազանի թիմը մարզում է Արայիկ Գեւորգյանը, որը նախկինում աշխատել է «Հրազդանում»: Բացի այդ` «Դինամոյում» ընդգրկված են եւս 3 հոկեյիստներ, որոնցից մեկը Սամվելի եղբայրն է` Արսեն Գեւորգյանը:

Արայիկ Մարգարյանի գլխավորած թիմը, ըստ Սամվել Գեւորգյանի` բավական հաջող է հանդես գալիս. «Վերջին տարիներին մենք մի շարք լուրջ հաջողություններ ենք արձանագրել: Մասնավորապես 2003- 2005թթ. դարձել ենք Ռուսաստանի չեմպիոն: 2001թ. եւ 2005թ. դարձել ենք գավաթակիր, մի քանի անգամ գրավել ենք մրցանակային հորիզոնականներ: Այս տարի Եվրալիգայում դուրս եկանք 1/16-րդ եզրափակիչ, որտեղ զիջեցինք «Բարսելոնային» եւ դուրս մնացինք հետագա խաղարկությունից»:

Իր ամենամեծ հաջողությանը կարիերայի ընթացքում հայ մարզիկը հասել է Եկատերինբուրգի «Դինամոյի» կազմում . «Իմ կարծիքով` ամենամեծ հաջողությունս եղել է Եվրոպայի գավաթակիրների գավաթի արծաթե մեդալները: Պետք է ընդգծեմ նաեւ, որ եղբորս հետ միշտ միասին ենք հանդես եկել եւ 12 անգամ դարձել Ռուսաստանի չեմպիոն»:

Կազանում ներկայումս քիչ չեն հայերը, սակայն Գեւորգյանի փոխանցմամբ` նրանք գրեթե չեն հետաքրքրվում խոտի հոկեյով. «Այստեղ ինչպես եւ ողջ Ռուսաստանում հայեր կան, սակայն նրանք «Դինամոյի» մասնակցությամբ հանդիպումներին գրեթե չեն հաճախում»: