Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱՆԱՆՑԸ» ԵՎ «ԱՐԱՐԱՏԸ» ԼՈՒՐՋ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչում այսօր կայացան առաջին հանդիպումները: Նախորդ տարվա գավաթակիր «Բանանցը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ: Առաջինը հաջողության հասան հյուրերը, որոնց կազմում 43-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի Ալեքսը: 2-րդ կեսում առավելությունը արդեն «Բանանցի» կողմն է եւ 61-րդ րոպեին երիտասարդ Նորայր Գյոզալյանը հավասարեցրեց հաշիվը:

Նույն ֆուտբոլիստը 11 րոպե անց անվրեպ իրացրեց 11 մետրանոց տուգանայինը` առաջ մղելով արդեն «Բանանցին»: Խաղավարտից 4 րոպե առաջ «Բանանցի» բուլղարացի լեգեոներ Զլատեւը խփեց 3-րդ գնդակը եւ գավաթակիրը վստահ հաղթանակ տոնեց:

Մյուս մրցավեճում հանդիպեցին չեմպիոն «Փյունիկը» եւ նախորդ գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից «Արարատը»: Այս մրցավեճի առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ ահա երկրորդ կեսը անցավ հետաքրքիր պայքարում: 47-րդ րոպեին «Կիլիկիայի» նախկին ֆուտբոլիստ Սարգիս Մովսիսյանը առաջ մղեց «Արարատին»: 78-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց բրազիլացի Պիզելի Մարկոսը: «Փյունիկին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը եւ 85-րդ րոպեին Միհրան Մանասյանը գրավեց Նիկոլայ Սարգսյանի դարպասը: Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 23-ին: