Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱՐԱՏԻ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ ԴՈՆԵՑԿՈՒՄ

Սպորտ

Հանգստյան օրերին հայ ֆուտբոլիստները եվրոպական առաջնություններում հիմնականում հաջող են հանդես եկել: Ուկրայինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» իր առաջին հաղթանակն է տոնել Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ, իսկ Արարատ Առաքելյանը խփել իր առաջին գոլը նոր ակումբի կազմում:

«Մետալուրգը» Դոնեցկում ընդունել էր «Նեւֆթանիկին», որը մինչ այս մեկ միավորով էր զիջում Կոստովի թիմին: «Բանանցի» նախկին մարզիչը այս խաղում եւս Արարատ Առաքելյանին եւ Սամվել Մելքոնյանին ընգրկել էր մեկնարկային կազմում: Արարատ Առաքելյանը հանդես էր գալիս պաշտպանության կենտրոնում եւ բավական հաջող հանդես եկավ: Իսկ ահա Մելքոնյանը ոչնչով աչքի չընկավ եւ երկրորդ կեսի միջնամասում փոխարինվեց: Հաշիվը 48-րդ րոպեին բացեց «Մետալուրգը», որի կազմում աչքի ընկավ Այլթոնը: Խաղավարտից երկու րոպե առաջ հյուրերին հաջողվեց խփել պատասխան գնդակը եւ թվում էր հանդիպումը կավարտվի ոչ-ոքի: Սակայն հանդիպման վերջին րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Արարատ Առաքելյանը գլխի դիպուկ հարվածով հաղթանակ պարգեւեց «Մետալուրգին»: Այս հաղթանակից հետո Դոնեցկի թիմը 26 միավորով «Վորսկլայի» հետ բաժանում է 11-րդ հորիզոնականը:

Դանիայի առաջնության 24-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» չի կարողացել առավելության հասնել ետնապահ «Լունգբիի» նկատմամբ: Հանդիպումը ավարտվել է 0:0 հաշվով: «Ռանդերսը» հանդիպման մեծ մասը անցկացրել է 10 հոգով: Արզումանյանը, ինչպես եւ նախորդ տուրում, ընդգրկված է եղել մեկնարկային կազմում եւ մասնակցել է ողջ հանդիպմանը:

Շվեդիայի նոր մեկնարկած առաջնությունում առաջին հաղթանակն է տոնել Լեւոն Պաչաջյանի ԳԱԻՍԸ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է «Համարբյուի» հետ խաղին, որում ԳԱԻՍ-ը հաղթել է 2:0 հաշվով: Լեւոնը լավագույններից մեկն է եղել խաղադաշտում եւ երկրորդ գոլը խփել է նրա փոխանցումից հետո: Ռուսաստանի առաջնությունում շարունակում է անհաջող հանդես գալ մերձմոսկովյան «Խիմկին», որի դարպասը պաշտպանում է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Հինգերորդ տուրում «Խիմկին» սեփական հարկի տակ 0:4 հաշվով զիջել է առաջատարին` «Ռուբինին»: Ինչպես միշտ խիստ անվստահ խաղ է ցուցադրել «Խիմկիի» պաշտպանությունը: Այդ անվստահությունը արդեն փոխանցվում է նաեւ Բերեզովսկուն, որի կոպիտ սխալի արդյունքում էլ կազանցիները խփեցին երրորդ գնդակը: Մեկնարկային հինգ հանդիպումներում Ռոմանը արդեն 14 գնդակ է բաց թողել, իսկ նրա թիմը եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Ռուբինը» առանց միավորների կորստի շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Սպարտակի» փոխարինողների կազմում գոլի հեղինակ է դարձել Արթուր Մալոյանը, որը աչքի է ընկել «Դինամոյի» հետ մրցավեճում:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը գոլի հեղինակ է դարձել «Բալթիկայի» հետ մրցավեճում: «Բալթիկան» սեփական հարկի տակ 1:1 հաշվով է ավարտել «Ուրալի» հետ հանդիպումը: Ռումինիայի առաջնության 29-րդ տուրում Քարամյան եղբայրների «Պոլիտեխնիկան» սեփական հարկի տակ մրցել է իր հիմնական մրցակիցների մեկի` Բուխարեստի «Դինամոյի» հետ: Արդեն առաջին րոպեին Արման Քարամյանը հնարավորություն է ունեցել գրավելու դարպասը, սակայն նրա հարվածը մի փոքր շեղ է ստացվել: Ընդմիջումից հետո նրան փոխարինել են, իսկ 63-րդ րոպեին «Դինանոն» 11 մետրանոցի շնորհիվ բացել է խաղի հաշիվը, իսկ քիչ անց «Պոլիտեխնիկան» հավասարեցրել է հաշիվը եւ հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով: Արտավազդ Քարամյանը մասնակցել է ողջ հանդիպմանը: Մինչ այս կայացած 28-րդ տուրում Արման Քարամյանը գոլի հեղինակ էր դարձել «Օցեուլի» հետ մրցավեճում, սակայն նրա թիմը պարտվել էր 1:3 հաշվով:

«Պոլիտեխնիկան» դեռ հնարավորություն ունի գրավել երրորդ հորիզոնականը: Իսրայելի առաջնության 28-րդ տուրում «Բնեյ Շաքնինը» 2:0 հաշվով առավելության է հասել «Կֆար Սաբայի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը երկրորդ կեսում կրկնապատկել է Եղիա Յավրույանը, որը վերջին տուրերում բավական արդյունավետ խաղ է ցուցադրում իր թիմի կազմում: