ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՊորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցած Հայաստանի ներկայացուցիչները չկարողացան մեդալի արժանանալ: Սպասելիքները մեծ էին 60կգ քաշային Հովհաննես Դավթյանից եւ 66 կգ Արմեն Նազարյանից, որոնք նախորդ առաջնություններում բավական հաջող էին հանդես եկել, սակայն այս անգամ բավարարվեցին 7-րդ հորիզոնականով: Իսկ ահա 74կգ քաշային Վիլեն Թավադյանը պայքարից դուրս մնաց հենց առաջին փուլից: Այսպիսով` հայ ձյուդոիստները ավարտեցին իրենց ելույթները բոլոր այն մրցաշարերում, որոնցում հնարավոր էր ձեռք բերել օլիմպիական վարկանիշ:
2008թ. ամառային օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք ստացան Արմեն Նազարյանը եւ Հովհաննես Դավթյանը, որոնք մինչ Եվրոպայի առաջնությունը արդեն ձեռք էին բերել վարկանիշ: Մինչեւ Պեկինի խաղերը, հայ ձյուդոիստները մայիսի 21-24-ը Մոսկվայում կմասնակցեն աշխարհի սուպերգավաթի խաղարկությանը, որը սակայն վարկանիշային չէ: Այս մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը ՌԴ մայրաքաղաքում մինչեւ մայիսի 31-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի: Եւս մեկ հավաք նախատեսվում է հունիսի 27-ից հուլիսը 4-ը Իսպանիայում:
Օրերս միջազգային ասպարեզ են դուրս եկել նաեւ հայ պատանի ձյուդոիստները, որոնք Ռուսաստանի Տվեր քաղաքում մասնակցել են միջազգային խոշոր մրցաշարի: Հայաստանի 8 ներկայացուցիչներից ոչ մեկին չի հաջողվել մրցանակային տեղ գրավել: Մեդալին մոտ են եղել միայն Սերյոժա Ալեքսանյանը եւ Ազատ Աբրահամյանը, որոնք գրավել են 5-րդ հորիզոնականը: