ԹԵԹԵՎ ԱՏԼԵՏԻԿԱՅԻՑ` ՖՈՒՏԲՈԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ ֆուտբոլիստների թվում բարձրահասակ խաղացողները բավական քիչ են: Նրանց շարքում առանձնանում է Տիգրան Ղարաբաղցյանը, որի հասակը գերազանցում է 1.9 մ: «Բանանցի» եւ «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը ներկայումս հանղես է գալիս Վառնայի «Չեռնո Մորե» թիմում, որը ելույթ է ունենում Բուլղարիայի բարձրագույն խմբի առաջնությունում:
«Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից` Մալաթիայի մարզադպրոցում: Մինչ այդ մեկ տարի զբաղվել եմ թեթեւ ատլետիկայով, բայց քանի որ սեր չունի այս մարզաձեւի նկատմամբ չշարունակեցի, -պատմում է Տիգրանը եւ շարունակում, - Մանկուց էլ ֆուտբոլն է եղել իմ սիրած մարզաձեւը, որը նկատմամբ երբեք անտարբեր չեմ եղել»:
23-ամյա ուտբոլիստը առանձնանում է ոչ միայն իր բարձր հասակով, այլեւ կրթությամբ. «Ավարտել եմ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ապրանքագիտության ֆակուլտետի կոմերցիայի բաժինը: Բացի ֆուտբոլից ուրիշ հետաքրքրություններ եւս ունեմ: Երբ ազատ ժամանակ է լինում, սիրում եմ գնալ կինո, լինել բնության գրկում, գիրք եմ կարդում»:
2008թ. հունվարին Տիգրանը սկսեց փորձաշրջան անցել «Չեռնո Մորե» թիմում եւ շուտով պայմանագիր կնքեց հարուստ պատմություն ունեցող այս ակումբի հետ. «Ունեմ ֆուտբոլային գործակալ, որն էլ զբաղվում էր իմ տրանսֆերային հարցերով: Առաջարկներ ունեի նաեւ Լեհաստանից, սակայն Բուլղարիայի տարբերակը ավելի իրատեսական էր եւ ցանկացա ուժերս փորձարկել հենց այս ակումբում ու ամեն ինչ բարեհաջող ստացվեց»:
Ծովափնյա քաղաքի այս ակումբը հայ ֆուտբոլիտը ջերմ ընդունելության է արժանացել. «Թե խաղացողները, թե մարզիչը, թե ակումբի ղեկավարությունը շատ ջերմ ընդունեցին: Տեղյակ էին, որ հանդես եմ եկել նաեւ հավաքականում եւ Հայաստանի չեմպիոն կազմում»: Թեեւ Վառնայում հայերը քիչ չեն, սակայն Տիգրանը առայժմ առիթ չի ունեցել շփվել հայրենակիցների հետ. «Որքան էլ տաօրինակ է շատ պասիվ են հայերը(ծիծաղում է): Դեռ չեմ հանդիպել ֆուտբոլասեր հայի, չնայած կարծում եմ կլինեն, քանի որ մենք ֆուտբոլ սիրող ազգ ենք»:
Ղարաբաղցյանը 2006թ. իր նորամուտն է նշել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Թեեւ այս տարի նա դեռ հրավեր չի ստացել ազգային թիմից, սակայն մեշ ուշադրությամբ հետեւում է իրադարձություններին. «Հավաքականը վերելք է ապրում եւ դրանում մեծ ավանդ ունի լուսահոգի Յան Պորտերֆիլդը: Տղաները շատ վստահ են խաղում եւ ես կարծում եմ` շատ հաջող ենք հանդես գալու 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Նոր մարզիչ Յան Պոուլսենը եւս գրագետ եւ բանիմաց մասնագետ է: Համոզված եմ, որ կարող է հավաքականին մեծ հաջողությունների հասցնել: Դա են վկայում նրա գլխավորությամբ մեր ընտրանու անցկացրած վերջին չորս հանդիպումները, որոնցից երեքում մեր թիմը հաղթել է»: