Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՍ ՄԵԿ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` 2008 թվականի մայիսի 28-ին այդ երկրի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: Մոլդովայի եւ Հայաստանի հավաքականների հանդիպումը տեղի կունենա մեր մրցակցի հարկի տակ:

Մոլդովայի հավաքականը Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցն է մեր ընտրանու պատմության ընթացքում: ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված նորանկախ Հայաստանի հավաքականը 1992թ. Երեւանի «Հրազդան» մարզադաշտում, 5 հազար հանդիսականների ներկայությամբ ընկերական խաղում ուժերը չափել է Մոլդովայի հետ: Այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց, թեեւ Հայաստանը առավելություն ուներ: Հաջորդ հանդիպումը կողմերի միջեւ կայացավ շուրջ 10 տարի անց Կիպրոսի միջազգային մրցաշարում: Այստեղ Հայաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով: Հաղթական գնդակը խփեց Երեւանի «Փյունիկի» ներկայիս պաշտպան Կարեն Դոխոյանը:

Մայիսի 28-ին Մոլդովայի հետ կայանալիք հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը կուղեւորվի Գերմանիայի Դուսելդորֆ քաղաք, որտեղ կմրցի Եվրոպայի գործող չեմպիոն Հունաստանի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը այս տարի արդեն 4 ընկերական հանդիպում է անցկացրել, որից 3-ում հաղթել է մրցակիցներին: