Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՅԱՎՐՈՒՅԱՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԽԱՂ ՑՈՒՑԱԴՐԵՑ

Սպորտ

Հանգստյան օրերին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից շատերը ելույթներ են ունեցել արտասահմանյան թիմերում: Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում վերջապես միավոր է վաստակել մերձմոսկովյան «Խիմկին», սեփական հարկի տակ` 3:3 հաշվով ավարտելով Մոսկվայի «Սպարտակի» հետ մրցավեճը: Հանդիպմանը ամբողջությամբ մասնակցել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերզովսկին, որը մեկնարկային երեք տուրերում արդեն ութ գնդակ է բաց թողել:

Սակայն, Ռոմանը մեղքը ընդունած գոլերում գրեթե բացակայում է, քանի որ խիստ անվստահ է գործում «Խիմկիի» պաշտպանությունը: «Սպարտակի» հետ խաղում Բերեզովսկու թիմը խաղի ընթացքում հաղթում էր 3:1 հաշվով, սակայն վերջնամասում բաց թողած երկու անփույթ գոլերի պատճառով զրկվեց երկու միավորից: Շարունակում է անկակնկալներ մատուցել Կազանի «Ռուբինը», որը հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության հասավ չեմպիոն «Զենիթի» նկատմամբ եւ առանց միավորների կորուստի գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել է «Տավրիային»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը մասնակցել է միայն հանդիպման առաջին կեսին; Սամվելը մի քանի անգամ հայտնվել է նպաստավոր դիրքերում, սակայն անհաջող խաղացել: Ընդմիջմանը մարզիչը նրան փոխարինել է, իսկ Արարատ Առաքելյանը, թեեւ ընդգրկված է եղել պահետայինների թվում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել: Այս տուրից հետո «Մետալուրգը» 21 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում:

Դանիայի առաջնության 22-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերըս» հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջել է «Հորսենսին»: Արզումանյանը կրկին նստած է եղել պահեստայինների նստարանին: Թեեւ, «Ռանդերսի» պաշտապանությունը չի փայլում, սակայն «Ռանդերսի» մարզչական շտաբը առայժմ Արզումանյանին հնարավորություն չի տվել գոնե մեկ խաղում ցույց տալ իր կարողությունները: Հայ ֆուտբոլիստը այս տարի ակումբային մակարդակով ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել:

Մեկնարկել է Շվեդիայի առաջնությունը: Անդրանիկ տուրում ԳԱԻՍ-ը որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, սեփական հարկի տակ մրցել է «Էլֆսբորգի» հետ: Հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով: Հայ ֆուտբոլիստը ընդգրկված էր մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 77-րդ րոպեին: Դա բնական է, քանի որ Լեւոնը մի քանի օր առաջ Հայաստանի հավաքականի կազմում ծանր հանդիպում էր անցկացրել Ղազախստանի դեմ, ուստի «Էլֆսբորգի» հետ խաղում չէր կարող 90 րոպե հանդես գալ հիմնական կազմում: Իսրայելի առաջնության 26-րդ տուրում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին անգամ Եղիա Յավրույանը: Հայ ֆուտբոլիստը «Բներ Շաքնինի» կազմում գրավել է Հայֆայի «Մաքաբիի» դարպասը եւ հաղթանակ պարգեւել իր թիմին: «Բնեն Շաքնինը» 43 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: