Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ «ԲԱՆԱՆՑՈՒՄ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, պայմանագիր է կնքել Երեւանի «Բանանցի» հետ եւ այսուհետ հանդես կգա Հայաստանի փոխչեմպիոնի կազմում: Խաչատրյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ինքն է ցանկություն հայտնել կիպրոսյան ԱՊՈՊ-ից տեղափոխվել հայկական թիմ:

Ռոմիկը ներկայումս գտնվում է Կիպրոսում եւ Հայաստանի կժամանի ապրիլի 3-ին: 29-ամյա ֆուտբոլիստը արդեն ութ տարի է հանդես է գալիս արտասահմանյան թիմերում: Խաչատրյանը ելույթ է ունեցել կիպրոսյան «Օլիմպիակոսում», «Անորտոսիսում», «Ապոելում», ԱՊՈՊ-ում, հունական ՕՖԻ-ում, ռումինական «Կլուժում» եւ «Ունիրեայում»: Մինչ «Բանանց» տեղափոխվելը Ռոմիկը ելույթ էր ունենում ԱՊՈՊ-ում:

Հիշեցնենք, որ «Բանանցի» հետ պայմանագիր է կնքել նաեւ Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը, որը մինչ այս հանդես էր գալիս մոլդովական «Զիբրույում»:

«Բանանցից» հեռացել են նաեւ մի շարք ֆուտբոլիստներ: Մասնավորապես Սամվել Մելքոնյանը եւ Արարատ Առաքելյանը ներկայումս հանդես են գալիս Դոնեցկի «Մետալուրգում», Արամ Հակոբյանը նախորդ շաբաթ պայմանագիր է կնքել Ուլյանովսկի «Վոլգայի» հետ, սերբ դարպասապահ Նենադ Ռադաչան էլ վերադարձել է հայրենիք: