Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՂԵԳՐԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սպորտ

Ապրիլի 1-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի 2008թ. առաջնությունը, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է նաեւ մեկական օլիմպիական ուղեգիր:

Թեեւ Եվրոպայի չեմպիոն դառնալը մեծ պատիվ է յուրաքանչյուր մարզիկի համար, սակայն ներկայումս ավելի կարեւոր է օլիմպիական վարկանիշ ձեռք բերելը, որը թույլ կտա օգոստոսին մասնակցել ամառային օլիմպիական խաղերին: Հունա-հռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականը, որը գլխավորում է նախկինում հայտնի գյումրեցի ըմբիշ Լեւոն Ջուլֆալակյանը, արդեն 2 ուղեգիր ունի, որոնք նվաճվել է 2007թ. սեպտեմբերին Բաքվում կայացած աշխարհի առաջնության ժամանակ:

Չնայած այս ըմբիշները արդեն իրավունք ունեն մասնակցելու օլիմպիական խաղերին, սակայն կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Մյուս 5 քաշերում Հայաստանի պատիվը կպաշտպանեն Ռոման Ամոյանը (55կգ, Եվրոպայի չեմպիոն 2006թ. չեմպիոն), Խոսրով Մելիքյանը (60կգ.), Էդգար Բաբայանը (74կգ), Տիգրան Սահակյանը (84կգ.) եւ Արման Գեղամյանը (96կգ):

Ամեն դեպքում Եվրոպայի առաջնությունը դեռ օլիմպիական ուղեգրերի քանակը ավելացնելու վերջին հնարավորությունը չէ, քանի որ առջեւոմ դեռ 2 վարկանիշային մրցաշարեր կան, որոնցում անհամեմատ շատ ուղագրեր են խաղարկվելու է, ուստի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը չի մասնակցելու իր մարտական կազմով: Մասնավորապես 2006թ. Եվրոպայի չեմպիոն, 60 կգ. քաշային Կարեն Մնացականյանը, որը բավական փորձառու մարզիկ է, դեռ չի մտել պայքարի մեջ: Նույնը կարելի է ասել նաեւ Եվրոպայի մեկ այլ չեմպիոն Մովսես Կարապետյանի մասին, որը հանդես է գալիս 74կգ քաշային կարգում:

Այս քաշային կարգում է հանդես գալիս նաեւ Լեւոն Ջուլֆալակյանի որդին` Արսեն Ջուլֆալակյանը, որը երիտասարդների աշխարհի չեմպիոն է: Բոլոր այս ըմբիշներն էլ ուղեգրերի ռեալ հավակնորդներ են: Չի կարելի մոռանալ նաեւ ռուս լեգեոներ Դենիս Ֆորովի մասին, որը 84կգ քաշայինների պայքարում եւս կարող է լավ արդյունքի համար պայքարել:

Ավելացնենք նաեւ, որ Հայաստանի հավաքականը Ֆինլանդիայի է մեկնելու Սոչիից, որտեղ այսօր օրերին մեր ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ռուսաստանի հավաքականի հետ միասին: