Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԵՎԱՆՇԻ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը արդեն գտնվում է Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում, որտեղ վաղը մրցելու է Ղազախստանի ընտրանու հետ:

Հավաքականի կազմում ընդգրկված ամենակրտսեր ֆուտբոլիստը` Հենրիխ Մխիթարյանը, որը ընդամենը 19 տարեկան է, հնարավորություն ունի 6-րդ անգամ հագնել հավաքականի մարզաշապիկը: «Ա1+»-ի հետ զրույցում երիտասարդ ֆուտբոլիստը նշեց, որ ազգային թիմը մարտական է տրամադրված. «Չնայած սա ընկերական հանդիպում է, սակայն մենք շատ լուրջ են պատրաստվում, քանի որ այս խաղը ազդեցություն է ունենում ՖԻՖԱ-ի կողմից ամեն ամիս հրապարակվող վարկանիշային աղյուսակի վրա»:

Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանը Երեւանում 0:1 հաշվով զիջեց Ղազախստանին, սակայն ըստ Հենրիխի այս անգամ կարելի է այլ արդյունք ակնկալել. «Այս խաղում տրամադրված ենք հաղթանակի եւ չենք կորցնի զգոնությունը»:

Հայաստանի հավաքականի առաջատար պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը նախորդ տարի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու էր եւս ռեւանշի հույս ունի. «Պետք է անպայման հաղթենք, քանի որ անցյալ տարի ղազախները հաղթեցին մեզ Երեւանում»:

Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Առնո Պայպերսը հանդիպումից առաջ հայտարարել է, որ այս խաղում արդյունք այնքան էլ կարեւոր չի իր համար. «Ցանկալի կլիներ, որ մենք հաղթեինք, սակայն այս խաղում մենք մտադիր ենք գործի մեջ տեսնել նաեւ մի քանի ֆուտբոլիստների, որոնք մինչ այս հնարավորություն չեն ունեցել հանդես գալ ազգային թիմում»: