Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամները հանգստյան օրերին իրենց ակումբներում վերջին հանդիպումները անցկացրեցին Ղազախաստանի հետ մարտի 26-ին կայանալիք հանդիպումից առաջ:

Դոնեցկի «Մետալուրգում» վերջապես իր նորամուտն է նշել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը: Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մետալուրգը» Կիեւում 1:2 հաշվով զիջել է «Դինամոյին»: Սամվել Մելքոնյանը մասնակցել է ողջ հանդիպմանը, իսկ Արարատը փոխարինման դուրս եկել 68-րդ խաղում եւ խաղավերջում արժանացել դեղին քարտի:

Այնուհետեւ «Մետալուրգը» Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում հյուրընկալել է ետնապահներից մեկին` «Խարկովին»: Սամվել Մելքոնյանը ընդգրկված է եղել մեկնարկային կազմում եւ դարպասը գրավելու ռեալ հնարավորություն է ունեցել, սակայն ութ մետրի կատարած նրա հարվածը շեղ է ստացվել: Սամվել է փոխարինվել է 66-րդ րոպեին, իսկ Արարատ Առաքելյանը փոխարինման է դուրս եկել 29-րդ րոպեին: Խաղավերջում Արարատ Առաքելյանը ընթացիկ մոտ 13 մետրից հարված է կատարել, սակայն հյուրերի դարպասապահը գտնվել է իր բարձրության վրա` գնդակը դուրս բերելով անկյունային: Հանդիպումը ավարտվել է 0:0 հաշվով: Այս տուրում անակնկալ է մատուցել «Տավրիան»` 3:2 հաշվով հաղթելով Դոնեցկի «Մետալուրգին», իսկ Կիեւի «Դինամոն» երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Կրիվբասի» դարպասը: Մրցաշարային աղյուսակը 51 միավորով գլխավորում է «Դինամոն», որին հաջորդում է 50 միավոր վաստակած «Շախտյորը»: «Մետալուրգը» 22 միավորով 11-րդն է:

Ռումինիայի առաջնության վերջին երկու տուրերում խիստ անհաջող է հանդես գալիս Տիմիշոարայի «Պոլիտեխնիկան», որի կազմում հանդես են գալիս Արտավազդ եւ Արման Քարամյանները: 24-րդ տուրում «Պոլիտեխնիկան» հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջել է «Վասլույին», իսկ 25-րդ տուրում սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Դաչիային»: Այս պարտություններից հետո «Պոլիտեխնիկան» 45 միավորով նահանջել է հինգերորդ հորիզոնական: Քարամյան եղբայրները մասնակցել են վերջին երկու հանդիպումներին:

Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում կրկին պարտություն է կրել մերձմոսկովյան «Խիմկին»: Մոսկվայում Ռոման Բերեզովսկու թիմը 0:2 հաշվով պարտվել է «Դինամոյին»: Առաջին կեսում Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահը մի քանի անգամ փրկել է իր թիմին, սակայն երկրորդ կեսում դինամոյականները արդեն մեծ առավելություն են ունեցել, որը վերածել են երկու գոլի: «Խիմկին» «Թերեքի» հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Պերմի «Ամկարի» երիտասարդական թիմում հանդես է եկել Արթուր Ստեփանյանը: «Ամկարի» երիտասարդները 0:1 հաշվով զիջել են Նալչիկի «Սպարտակին»: Մոլդովայի առաջնության 21-րդ տուրում Արա Հակոբյանի «Զիբրուն» մրցել է Բենդերի «Դինամոյի» հետ: Հանդիպումը ավարտվել է 3:3 հաշվով: Հակոբյանը մասնակցել է ողջ հանդիպմանը: «Զիբրուն» 39 միավորով ընթանում է չորրորդ հորիզոնականում:

Դանիայի առաջնության 22-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» 1:0 հաշվով պարտության է մատնել «Էսբյերգին»: Հայաստանի հավաքականի խաղացողը կրկին դուրս չի եկել խաղադաշտ, թեեւ հայտավորված է եղել հանդիպմանը: «Ռանդերսը» 30 միավորով ընթանում է յոթերորդ հորիզոնականում:

Բուլղարիայի առաջնության 20-րդ տուրում Տիգրան Ղարաբաղցյանի «Չեռնո Մորեն» Վառնայում 2:1 հաշվով առավելության է հասել Պլովդիվի «Լոկոմոտիվի» նկատմամբ: Ղարաբաղցյանը հայտավորված է եղել հանդիպմանը, սակայն խաղադաշտ դուրս չի եկել: