ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 26-ին վաղ առավոտյան Վանաձորի 2 քաղաքացիների բնակարաններում խուզարկություններ են կատարվել: Այդ քաղաքացիներն արդեն մի քանի օր է, ինչ մասնակցում են Երեւանում կայացվող Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված հանրահավաքին:
Առավոտյան 06:00-ին սկսվել է Վանաձորի բնակիչ Մերուժան Հարությունյանի բնակարանի խուզարկությունը: Մերուժան Հարությունյանը «Հատուկ գնդի» անդամ է, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, իսկ արդեն մի քանի օր է, ինչ մասնակցում է Երեւանում կայացվող Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված հանրահավաքին:
Խուզարկության արձանագրության համաձայն՝ խուզարկության նպատակն է՝ բացահայտել Մ. Հարությունյանի հանցավոր գործունեության վերաբերյալ փաստաթղթեր, առարկաներ՝ զենք-զինամթերք: Խուզարկել են բնակարանը, բնակարանի տանիքը, բնակարանի նկուղը, ավտոտնակը, կից հողամասը:
Մ. Հարությունյանի հանցավոր գործունեությունը բացահայտող ոչ մի փաստաթուղթ, սակայն, խուզարկության արդյունքում չի հայտնաբերվել: Նմանատիպ խուզարկություն է իրականացվել նաեւ նստացույցին մասնակցող Արսեն Ավետիսյանի ծնողների բնակարանում: Տեղեկանալով, որ Ա. Ավետիսյանը նաեւ առանձին բնակարան ունի, խուզարկել են նաեւ այդ բնակարանը՝ բնակարանի բանալիները վերցնելով Ա. Ավետիսյանի կնոջ եղբորից: Այնտեղ եւս հանցավոր գոր ծունեության մասին վկայող փաստթղթեր կամ առարկաներ չեն հայտնաբերվել:
Մնում է անհասկանալի, թե ինչ հանցավոր արարքի մեջ են կասկածվում այս քաղաքացիները:
Նրանց բնակարանների խուզարկության մասին որոշում է կայացրվել Երեւան քաղաքի Կենտրոն եվ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Խուզարկությունն իրականացվել է ոստիկանության պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Էվինյանի, ոստիկանության Վանաձորի բաժնի ՔՀԲ բաժանմունքի ավագ օպեր լիազոր ոստիկանության մայոր Լ. Ե. Բրուտյանի, ավագ օպեր լիազոր ոստիկանության մայոր Ա. Նահապետյանի , ՁՊՎ-ի պետ Գ. Նազինյանի, տեղական տեսուչ ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Գրիգորյանի, ՀՀ ԱԱԾ Լոռու մարզի Վանաձորի բաժնի ավագ օպեր լիազոր մայոր Արտակ Բաղդասարյանի, ավագ օպեր լիազոր մայոր Ռոբերտ Ավոյանի, օպեր լիազոր Գ.Ժամհարյանի կողմից:
Հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: