Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունները վերջին տարիներին անցկացվում էին 8 թիմերի մասնակցությամբ: Գրեթե ամեն տարի նախքան մրցաշրջանի մեկնարկը սպասվում է, որ թիմերի քանակը կավելանա: Սակայն այս տարի եւս բարձրագույն խմբին կմասնակցեն 8 թիմեր:

«Այս ժամանակաշրջանում փորձում ենք հստակեցնել մասնակիցների քանակն առաջնություններում: Խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալ ֆուտբոլին: Բարձրագույն խմբի մասնակիցների թիվն այս տարի չավելացավ` մնալով նույնը` 8 թիմ: Սրանք այն թիմերն են, որոնք հանդես էին գալիս նաեւ նախորդ առաջնությունում եւ այստեղ որեւէ փոփոխություն չկա», - ասաց ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի պետ Ռոբերտ Դալլաքյանը:

Ակումբների քանակը չի ավելացել նաեւ: Դեռ ավելին, նախորդ տարի առաջին խմբում հաջող հանդես եկած «Դինամոն» այլեւս ի վիճակի չէ շարունակել իր ելույթները:

«Հայտը ներկայացնելու ժամկետն արդեն անցել է, հավանական է, որ «Դինամոն» առհասարակ մրցումներին չի մասնակցելու: «Բանանց» ակումբը ցանկություն ունի առաջին խմբում հանդես գալ 2 թիմերով, եւ մենք չենք առարկում: Այնտեղ եւս մասնակիցների թիվը հասնում է 8-ի: Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք պատանեկան հավաքականը կունենա առաջին խմբում թիմ: Փետրվարի 1-ին լրանում էր հայտերը ներկայացնելու վերջին ժամկետը, բայց, ցավոք, մենք պլանավորում ենք մի բան, իսկ կատարողներն իրենց ժամկետներն են առաջարկում կամ ետ գցում»,-ասաց Ռոբերտ Դալլաքյանը:

Հնարավոր է, որ առաջին խմբի առաջնությանը մասնակցի նաեւ «Ֆուրման» թիմը, որը նախորդ տարիներին մեծ հաջողություններ էր արձանագրել պատանեկան ֆուտբոլում, սակայն այս ակումբի ճակատագիրը եւս դեռ անորոշ է. «Այս թիմը իրավունք է ստացել հանդես գալու առաջին խմբում: Բայց դեռ թիմը չի ներկայացրել հավաստագիր, որով պետք է հաստատեր իր մասնակցությունն առաջին խմբում: Պատճառն այն է, որ նրանք բանակցություններ են վարում հովանավոր գտնելու համար»:

Եթե «Ֆուրմանն», այնուամենայնիվ, մասնակցի առաջին խմբի առաջնությանը, ապա անկախ իր գրաված հորիզոնականից` հնարավորություն կստանա հաջորդ տարի հանդես գալ բարձրագույն խմբում: Ինչպես հայտնի է, ՀՖՖ կանոնադրության համաձայն` նույն ակումբը բարձրագույն խմբում չի կարող ներկայացված լինել 2 թիմերով, իսկ առաջին խմբում, բացի «Ֆուրմանից», մյուս թիմերը դուստր թիմեր են, ուստի չեն կարող պայքարել ուժեղագույնների խումբ տեղափոխվելու համար: