Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊՈՈՒԼՍԵՆԸ ԳՐԵԹԵ ՉԻ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՊՈՐՏԵՐՖԻԼԴԻՑ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նախորդ շաբաթ ավարտեց իր ելույթները Մալթայի մրցաշարում, որտեղ անցկացրած 3 հանդիպումներից 2-ում մեր ընտրանին հաղթանակ տոնեց: Գլխավոր մարզչիչ Յան Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը, Մալթայից վերադառնալով, «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ մրցաշարը ծառայեց իր նպատակին եւ մեծ օգուտ տվեց մեր ընտրանուն. «Եթե սկզբից մտածում էինք, որ հավաքականի նոր մարզչի համար մրցաշարը պարզապես հնարավորություն կլինի ծանոթանալ ֆուտբոլիստների կարողություններին, ապա դրա հետ մեկ տեղ նաեւ լավ արդյունքներ գրանցվեցին: Պոուլսենը առանձնապես չի էլ տարբերվում Պորտերֆիլդից, թե իր մարտավարությամբ, թե աշխատելու ոճով»: Հայաստանը այս մրցաշարում պարտվեց միայն Իսլանդիային:

Մինասյանը գտնում է, որ դա պայմանավորված էր կադրային խնդիրներով. «Հանդիպումից առաջ մենք թողեցինք, որ Կիպրոս մեկնեն հիմնական կազմի խաղացողներ Արարատ Առաքելյանը եւ Սամվել Մելքոնյանը, որոնք նոր ակումբ են ցանկանում տեղափոխվել: Բացի այդ Բելառուսի հետ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկված էր Ալեքսանդր Թադեւոսյանը: Իսկ Իսլանդիան այս խաղին ներկայացավ արդեն օպտիմալ կազմով: Երկու ֆուտբոլիստներ ժամանել էին Անգլիայի պրեմիեր լիգայից եւ մի քանիսը Շվեդիայից: Ամեն դեպքում տարածքային առավելություն ունեինք: Ինչ-որ տեղ զգացնել տվեց նաեւ հոգնածությունը»:

Ըստ մարզչի` հայ ֆուտբոլիստները ամենալավ հանդիպումը անցկացրեցին Բելառուսի հետ. «Մալթայի եւ Բելառուսի հավաքականների դեմ լավ խաղացին, բայց կարելի է առանձնացնել հատկապես Բելառուսի հետ մրցավեճը: Խաղասկզբում գոլ ընդունելով` տղաները չընկճվեցին, կամք դրսեւորեցին եւ ի վերջո հաղթանակ տարան: Ընդհանրապես` պետք է ընդգծել, որ Հայաստանի հավաքականը սկսել է լրիվ անկաշկանդ գործել»: Մրցաշարում հավաքականի կազմում իրենց նորամուտն են նշել մի քանի ֆուտբոլիստներ: Մասնավորապես` Կառլեն Մկրտչյանը եւ Նորայր Սահակյանը մինչ այս հանդես չէին եկել ազգային թիմում, իսկ Հենրիխ Մխիթարյանը եւ Մայիս Ազիզյանը մինչ այս մեկական հանդիպում էին անցկացրել. «Նորեկների համար սա շատ օգտակար մրցաշար էր: Թեկուզ նրանցից մի քանիսը 10-15 րոպեով էին փոխարինման դուրս գալիս, սակայն այն որ թիմի հետ էին արդեն իսկ նրանց համար կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ»:

Երբ Հայաստանի հավաքականը մեկնում էր Մալթա, հունվարի 30-ի երեկոյան Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում որոշվեց 2010թ. աշխարհի առաջնության ընտրական 5-րդ խմբի խաղացանկը, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը: Մարզչական շտաբը խաղացանկը ուսումնասիրելու հնարավորություն ունեցել է արդեն Մալթայում եւ Վարդան Մինասյանը եւս ընգծեց, որ սա լավագույն տարբերակը չէր մեզ համար. «Մի փոքր տարօրինակ է, երբ առաջին հանդիպումը անցկացնելու ես սեփական հարկի տակ, իսկ հաջորդ երեք հանդիպումներում հյուրընկալվելու ես: Մյուս տարի էլ հակառակը. արդեն երեք խաղ անընդմեջ անցկացնելու են սեփական հարկի տակ այնուհետեւ արտագնյա մրցավեճ անցկացնելու: Մյուս կողմից էլ լավ է, որ Թուրքիայի եւ Իսպանիայի հավաքականների հետ հանդիպելու ենք սեպտեմբերին: Այդ ժամանակ նրանց առաջնությունները դեռ նոր են սկսվում եւ շատ խաղացողներ խաղային պրակտիկայից զրկված են լինում: Ամեն դեպքում պատրաստ ենք բոլորի դեմ էլ պայքարել»:

Վարդան Մինասյանը նաեւ հայտնեց, որ մարտի 26-ին Հայաստանի հավաքականը անպայման ընկերական հանդիպում է անցկացնելու. «ՖԻՖԱ-ի կողմից դա ընկերական հանդիպում անցկացնելու օր է, որը անպայման օգտագործելու ենք: Այժմ բանակցություններ են ընթանում մի քանի մրցակիցների հետ»: