Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱՆԱՆՑԸ» ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎՈւՄ Է

Սպորտ

Երեւանի «Բանանցը» շարունակում է ստուգողական հանդիպումներ անցկացնել Կիպրոսում, որտեղ այս օրերին թիմը անցկացնում է ուսումնամարզական հավաք: Նիկոլայ Կոստովի ղեկավարած թիմը այս անգամ մրցել է Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որը ցանկանում է գնել Հայաստանի հավաքականի եւ «Բանանցի» առանցքային ֆուտբոլիստներ Արարատ Առաքելյանին եւ Սամվել Մելքոնյանին: Այս ֆուտբոլիստները ստուգողական խաղին մասնակցել են «Բանանցի» կազմից:

Հանդիպումը անցել է ուկրաինական թիմի բացահայտ առավելությամբ, եւ «Բանանցը» առաջին կեսում որեւէ լուրջ գոլային պահ ստեղծել չի կարողացել: 28-րդ րոպեին հաշիվը բացել է «Մետալուրգի» խաղացող Դանիլովսկին, որը մոտ 25 մետրից դիպուկ հարված է կատարել: Քիչ անց Վոլովնիկը մեն-մենակ է մնացել դարպասապահի դեմ եւ կրկնապատկել հաշիվը: 2-րդ կեսում «Բանանցը» 11 մետրանոցի իրավունք է ստացել, սակայն «Մետալուրգի» դարպասապահ Վորոբյովը, որը նախկինում հանդես էր գալիս «Բանանցում», կարողացել է որսալ գնդակը: «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յաշենկոն հանդիպումից հետո ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ գոհ է իր սաների խաղից: Մարզիչը առայժմ որեւէ մեկնաբանություն չի արել Սամվել Մելքոնյանի եւ Արարատ Առաքելյանի վերաբերյալ, ուստի նրանց տեղափոխության հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել:

Հիշեցնենք, որ մինչ այս «Բանանցը» ստուգողական առաջին խաղում 0:3 հաշվով պարտվել էր մեկ այլ ուկրաինական ակումբի` «Դնեպրին»: