ՊՈՈւԼՍԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը քիչ առաջ Մալթայում ավարտեց վերջին հանդիպումը: Մեր ընտրանու մրցակիցն էր Իսլանդիան: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հիմնական կազմում այս անգամ ընդգրկել էր Արա Հակոբյան - Հենրիխ Մխիթարյան հարձակվողական զույգին: Հակոբյանը նախորդ երկու հանդիպումներին դուրս էր եկել փոխարինման եւ դարձել գոլի հեղինակ, ուստի այս անգամ նրա տեղը հիմնական կազմում երաշխավորված էր: Պաշտպանությունում ընդգրկված են եղել ընդամենը երեք ֆուտբոլիստներ` Կարեն Դոխոյանը, Ռոբերտ Արզումանյանը եւ Աղվան Մկրտչյանը, որը ձախ եզրում փոխարինել է Ալեքսանդր Թադեւսոսյանին: Կիսապաշտպանությունում հանդես են եկել Լեւոն Պաչաջյանը, Կարեն Ալեքսանյանը, Արտավազդ Քարամյանը, Արթուր Ոսկանյանը եւ երիտասարդ Կառլեն Մկրտչյանը:
Հանդիպումը սկսվել է հանգիստ պայքարում եւ կողմերին երկար ժամանակ չի հաջողվել է վտանգավոր պահ ստեղծել: Ի վերջո առաջին կեսի վերջին րոպեին Իսլանդիային Տրիգվի Գուդմունսոնի շնորհիվ հաջողվել է բացել խաղի հաշիվը եւ թիմերը գնացել են ընդմիջման, որի ընթացքում Պոուլսենը որոշել է Հենրիխ Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերել Գեւորգ Ղազարյանին: Սակայն, երիտասարդ հարձակվողին չի հաջողվել բեկում մտցնել խաղի մեջ, իսկ Իսլանդիան 76-րդ րոպեին երկրորդ անգամ է գրավել Մայիս Ազիզյանի պաշտպանած դարպասը: Այս անգամ աչքի է ընկել կիսապաշտպան Տորվալդսոնը: Հայաստանը պարտվել է 0:2 հաշվով եւ սա արդեն լուրջ անհանգստության տեղիք է տալիս, քանի որ Իսլանդիայի հավաքականը առանձնապես լուրջ մրցակից չէր: