ՆՈՐ ՌԵԿՈՐԴԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր կավարտի իր ելույթները Մալթայի մրցաշարում: Հայաստանի հավաքականը այսօր կմրցի Իսլանդիայի ընտրանու հետ: Մրցաշարի առաջին 2 հանդիպումներում Հայաստանը հաղթել է մրցակիցներին, իսկ Իսլանդիան` պարտվել: Չնայած այս հանգամանքին` բուքմեյքերները կողմերի հնարավորությունները գնահատել են բավարար: Թե Հայաստանի, թե Իսլանդիայի հաղթանակի համար սահմանվել է 2.50 գործակից: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3.20 գործակից:
Թեեւ Իսլանդիան ներկայումս 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, սակայն այս խաղը Հայաստանի հավաքականի համար ամենաբարդն է լինելու: Առանց այդ էլ կադրային խնդիրներ ունեցող Հայաստանի հավաքականի ճամբարը լքել են առանցքային ֆուտբոլիստներ Արարատ Առաքելյանը եւ Սամվել Մելքոնյանը, որոնք պետք է փորձաշրջան անցնեն Դոնեցկի «Մետալուրգում»:
Բելառուսի հետ խաղում կարմիր քարտ էր ստացել Ալեքսանդր Թադեւոսյանը, որը որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել հանդիպմանը: Սպասվում էր, որ այսօրվա մրցավեճին կմասնակցի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին, սակայն նաեւ եւս չի ժամանել Մալթա, քանի որ վնասվածք է ստացել իր ակումբում: Փորձառու կիսապաշպան Ռոմիկ Խաչատրյանը եւս վնասվածքի պատճառով չի ժամանել Մալթա: Փոխարենը հավաքականում է մեկ այլ կիսապաշտպան` Արտավազդ Քարամյանը: Իսկ ահա Իսլանդիայի հավաքականը, ի տարբերություն նախորդ 2 հանդիպումների այս անգամ հանդես կգա մարտական կազմով:
Ի դեպ, եթե Հայաստանի հավաքականը հաղթի, ապա կսահմանի նոր ռեկորդ` հաղթանակ տոնելով 3 խաղերում անընդմեջ:
Մինչ այս Հայաստանի եւ Իսլանդիայի հավաքականները հանդիպել են 2 անգամ: Առաջին հանդիպումը կայացել է 1998թ. հոկտեմբերին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում: Սուրեն Բարսեղյանի գլխավորած ընտրանին, թեեւ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց: 1999թ. Ռեյկյավիկում կայացած պատասխան խաղում իսլանդացիները հաղթեցին 2:0 հաշվով: